Փաստաբան Կարինե Ավանեսյանը համաձայն չէ իր նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի հետ և դիմել է վերաքննիչ քրեական դատարան: Նա միջնորդում է բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը' դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, 06.03.2013թ. դատավճռով փաստաբան Կարինե Ավանեսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության համար, և դատապարտել նրան ազատազրկման' 6 տարի 6 ամիս ժամկետով: Նրանից կբռնագրավվի նաեւ 16.296.580 ՀՀ դրամը չգերազանցող գույք:

Ըստ մեղադրանքի' 2009թ. նոյեմբեր ամսից մինչև 2010թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում նա Գուրգեն Հակոբյանից' նրա որդու' դիտավորյալ սպանության համար դատապարտված ամբաստանյալ Կարեն Հակոբյանի շահերը դատական ատյաններում պաշտպանելու համար, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել և խարդախությամբ տիրացել է 16.296.580 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլլար գումարին:
Բացի այդ, Կ. Ավանեսյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով անձնական կարիքները հոգալու համար 13.12.2008թ. նվիրատվություն ստանալով Աշոտ Խաչատրյանին է ձևականորեն վաճառել Ժանետ Արծրունյանին պատկանող 60.000.0000 ՀՀ դրամ արժողությամբ Երևան քաղաքի Նաիրի Զարյան 58 հասցեի անշարժ գույքը և խարդախությամբ տիրացել գումարին: