«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի գնահատմամբ' Երևանի ավագանու ընտրությունները անցել են ոչ ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխան: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում անդրադառնալով երեկ կայացած ավագանու ընտրություններին' նման կարծիք է հայտնել Պետրոս Մակեյանը: «Բայց ընտրություն' որպես այդպիսին, կայացել է՞, փաստորեն, կրկնվեց այն, ինչ-որ մշտապես կատարվում է: Հայաստանյան ընտրությունները կարելի է բաժանել երկու փուլի, խոսքը երրորդ հանրապետության «ընտրությունների» մասին է: Հայաստանում ընտրությունները 91 թվականից հետո հասարակության համար որպես ընկալելի, լեգիտիմ, ոչ կասկածելի, գոնե, չեն եղել»,- ասել է Պետրոս Մակեյանը: Ըստ նրա' նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրվող ծեծերին, կրիմինալի ներգրավվածությանը փոխարինելու է եկել փողը:
«Մարդիկ այստեղ մեղք չունեն, որովհետև երբ որ հակակշիռ կենտրոնը չի տեսնում, իշխանությանը հակառակ' նա գնում է այդ գործարքին, իսկ այդ գործարքը նրա համար, ասում է' շնից մազ պոկելու տարբերակն է: Երբ որ ընդդիմության մեծ մասը նախագահական ընտրություններին չմասնակցեց, իսկ այս ընտրությանը առանձին-առանձին մասնակցեցին, պարզ է, որ այս ընտրությունն այդպես պետք է անցներ: Իհարկե, իմ մտքի ծայրով անցնում էր, որ կարող է Սերժ Սարգսյանը դասեր քաղի, քանի որ արդեն երկրորդ ժամկետն է և Երևանի քաղաքապետի ընտրություններով հիմք դներ իրական ընտրություններին, իսկ մինչ հիմա գոյություն ունի ընտրական իմիտիացա և մտածում էի, որ Սերժ Սարգսյանը կաներ դա, բայց կրկնեց այն, ինչ միշտ լինում է: Անաղմուկ արեց դա և վերջում էլ նկարեց թվերը, որ իրանց ու դրսին ցույց տան, որ ամեն ինչ նորմալ է»,- մեզ հետ զրույցում նշել է Պետրոս Մակեյանը:
Ըստ նրա' Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները այս ընտրություններում իշխանությունները բաշխեց ԲՀԿ-ին' այդ կերպ փորձելով թուլացնել Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա շարժումը: «Քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը նոր շարժում էր սկսում ու կիրառեցին այդ սցենարը»,- կարծիք է հայտնել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարը:
Մեր այն հարցին, թե սպասելի՞ էր արդյոք Ձեզ համար, որ ՀԱԿ-ը այս ընտրություններում անցողիկ տեղ չէր զբաղեցնի, Պետրոս Մակեյանը նշել է. «Ինձ համար անսպասելի է, որ ՀԱԿ-ը գրեթե 4 տոկոս տարավ, ես մտածում էի, որ 3 տոկոսի շեմը չի հաղթահարի, բայց ի պատիվ իրենց, 4 տոկոսի շեմը հաղթահարեցին, ինձ համար դա է սպասելի: ՀԱԿ-ը ինչ հիմքի վրա պետք է տաներ ավելին' նախագահական ընտրություններին չմասնակցեցին, Րաֆֆի Հովհաննիսյանը երբ ըմբոստացավ, երբ ժողովուրդը հրապարակում էր, չմասնակցեցին, միասնական դաշինքը խոչընդոտեցին, ինչի՞ համար պետք է ավելի տաներ»:
Փայլակ Ֆահրադյան