eMedia.am, 11.05.2013 | Հարգելի՛ պարոն Գասպարյան։ Մայիսի 10-ի ժամը 22.00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ արյունոտ մի միջադեպ։ Մարդկանց հոծ բազմության առաջ պիտբուլ կամ նմանատիպ ինչ–որ ցեղատեսակի շուն հարձակվեց ու բառից բուն իմաստով պատառ–պատառ արեց փոքր մի շան, որը ման էր գալիս տիրոջ հետ։ Շունը սպանում էր շանը բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ երեխաների ներկայությամբ, պողոտայի մի ամբողջ հատված կորում էր արյան մեջ, մի քանի կին վատացավ այդ տեսարանից։ Սպանդին ներկա են եղել բազմաթիվ մարդիկ։ Աչքից առաջ շների մոտ մի պահ նետվեցին ոստիկաններ, բայց նրանք այնքան պասիվ էին, այնքան շվարած ու այնքանով կորցրեցին իրենց, որ նրանց ՕԳԳ–ն թույլ տվեք 0 գնահատել։ Վերջիվերջո սովորական անցորդներ վերցրեցին ոստիկանների ձեռքերից մահակներն ու սկսեցին ծեծել շանը՝ փորձելով փրկել զոհին։ Ես չեմ հասկանում, որքանով եմ ես պաշտպանված իմ մայրաքաղաքում, երբ նրա կենտրոնում կատաղած շանը փորձում են սատկացնել ոչ թե տեղում կանգնած ոստիկաններն, այլ քաղաքացիները։ Ու ես չեմ հասկանում, ինչպես քաղաքացին կարող է վերցնել մահակը ոստիկանի ձեռքից։ Կարո՞ղ է մի օր էլ ստիպված լինի ատրճանակը վերցնի։ Հարգարժան պարոն Գասպարյան, Որոշ ժամանակ առաջ Դուք հայտարարեցիք, որ մեր իրականության մեջ ոստիկանները չպետք է անշարժ գույք լինեն: «Չէ՞ որ առաջին իսկ օրվանից ես սկսել էի անշարժ գույքերից, սկսել էի զբոսաշրջիկներից», – ասացիք Դուք։ Պարոն Գասպարյան, երեկվա պարեկություն իրականացնողները ոստիկա՞ն էին, անշարժ գու՞ յք, թե՞ զբասաշրջիկ։
Նիկոլայ Թորոսյան