ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձում է բացակայությունների մասով խորհրդարանում կարգուկանոն հաստատել: Ամեն ինչ սկսվեց նախորդ քառօրյայից, որի մեկնարկին՝ օրինագծերի քվեարկությունից հետո, սովորականի նման պատգամավորները աղմուկով սկսեցին դուրս գալ դահլիճից: Սա բարկացրեց ԱԺ նախագահին. նա նկատողություն արեց գործընկերներին, հորդորեց առաջնորդվել ԱԺ կանոնակարգ օրենքով, չբացակայել նիստերից ու նիստերի ժամին չքայլել միջանցնքերում: Իսկ ԱԺ քարտուղարությանն էլ հանձնարարեց անբարեխիղճ ու նիստերից բացակայող պատգամավորների անունները հրապարակել ԱԺ պաշտոնական կայքում ու տրամադրել լրատվամիջոցներին, ինչն արվեց այդօրվա նիստում: ԱԺ նախագահի այդ հայտարարությունը ակնհայտորեն անհանգստացրել էր նիստերից, բայց ոչ քվեարկություններից (երբ կոճակ սեղմելու կարիք է լինում, նրանք անմիջապես հայտնվում են ԱԺ-ում) մշտապես բացակայող պատգամավորների շրջանում, և նրանցից Նահապետ Գևորգյանը (Նավո մականունով) միջանցքում իր գործընկերոջը հարցնում էր. «Արա, բա ի՞նչ ենք անելու»:
Ավելի ուշ, բացատրելով իր որոշումը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ թեպետ կարգուկանոն միշտ էլ եղել է, բայց հիմա ուզում են ավելի խստացնել: «Ես ֆրակցիաների ղեկավարների հետ կքննարկեմ, և եթե այլ ձևաչափում չկարողնանք պայմանավորվածություն ձեռք բերել, կփորձենք հարցերը քննարկելուց հետո կազմակերպել քվեարկություն»,- ասել էր ԱԺ խոսնակը: Բացի անունների հրապարակումից, բացակայող պատգամավորներին կպատժեն նաև աշխատավարձերից զրկելու միջոցով, ինչպես նաև պատվիրակությունների կազմում չեն ընդգրկի, գործուղումների չեն ուղարկի:
ԱԺ նախագահը նաև ասել էր, որ իր կարգադրությունը տարածվելու է բոլորի վրա' անկախ անուն-ազգանունից:
Նախորդ քառօրյայի (ապրիլի 29-մայիսի 2) ընթացքում Parliamentmonitoring.am-ի արձանագրած տվյալների համաձայն՝ ամենաշատը բացակայած տասը պատգամավորների առաջին եռյակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության երեք անդամներն են' Գագիկ Ծառուկյան (167 բացակայություն), Գուրգեն Արսենյան (98 բացակայություն) և Աբրահամ Մանուկյան (97 բացակայություն): Բացի այդ, առաջին տասնյակում կան ևս չորս ԲՀԿ-ական պատգամավորներ, որոնք նույնպես ամենաշատն են բացակայել ԱԺ նիստերից: Փորձեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Էթիկայի հանձնաժողովի անդամ Վահան Բաբայանից հետաքրքրվել, թե ինչ են մտածում ԱԺ նախագահի նախաձեռնության մասին և արդյո՞ք կփորձեն իրենք էլ խմբակցության ներսում կարգուկանոն սահմանել: Սակայն երիտասարդ պատգամավորը, լսելով մեր հարցը, ասաց, որ կպատասխանի ավելի ուշ: Բայց երբ ուշ փորձեցինք, նա արդեն չէր պատասխանում հեռախոսազանգերին:
Մեր գրանցած տվյալներով, ամենաշատը բացակայած պատգամավորներից է Հայ Ազգային կոնգրես խմբակցության անդամ Ստեփան Դեմիրճյանը, ում բացակայության ցուցանիշը այս քառօրյայի արդյունքներով մեկ հորիզոնականով նվազել է, և նա այժմ չորրորդ տեղում է: Հայտնի է, որ պատգամավորն առողջական խնդիրներ ուներ և բուժում էր ստանում արտասահամանում, ինչի պատճառով էլ չէր կարողանում մասնակցել ԱԺ նիստերին: Մեզ հետ զրույցում Դեմիրճյանն ասաց, թե իր համար անընդունելի է, երբ պատգամավորները անհարգելի են բացակայում , իսկ ԱԺ խոսնակի նախաձեռնությունը ողջունելի համարեց: «Ժամանակը ցույց կտա, թե ինչ արդյունքներ կլինեն: Իսկ եթե ընդհանուր վերցնենք, ապա իմ կարծիքով, նախևառաջ պատգամավորները պետք է ընտրվեն, և խորհրդարանը պետք է ձևավորվի նորմալ ընտրությունների արդյունքում, որպեսզի խորհրդարանի աշխատանքի նկատմամբ պատգամավորները հատուկ վերաբերմունք ունենան», -նկատեց ընդդիմադիր գործիչը:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը ԱԺ նիստերից բացակայող պատգամավորներից չէ: Նա խորհրդարանին խոսնակի նախաձեռնությունը ողջունում է. «Շատ լավ կլիներ, եթե իսկապես դա մնար ոչ թե խոսքի մակարդակում, այլ նաև գործնականում կիրառվեր: Միգուցե հնարավոր լինի, տեսնենք»:
ԱԺ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը համարում է, որ Հովիկ Աբրահամյանի արձագանքը պատգամավորների բացակայությունների խնդրին արդիական է և ուշացած չէ: Նրա համոզմամբ, որպեսզի պատգամավորները կարողանան առավել ակտիվ մասնակցել հատկապես լիագումար նիստի և հանձնաժողովների աշխատանքներին, պետք է տեղեկացված ու հետաքրքրված լինեն դրանցով: «Մասնավորապես, նրանց մի մասը գիտի, որ այդ նիստերին մասնակցելով, առաջարկներ անելով ոչինչ չի փոխվի, իսկ մի մաս էլ կա, որ չգիտի, թե ինչ առաջարկի. նրա համար պատգամավորի աշխատանքը սահմանափակվում է միայն մանդատը ստանալով և դրա առավելություններն օգտագործելով: Այս նախաձեռնությունը կարևոր , բայց պետք է առաջնորդվել ոչ թե մեխանիկական ներկա-բացականերով, ինչպես դպրոցներում ու մանկապարտեզներում է արվում, այլ շատ ավելի կարևոր է հասկանալ խորքային պատճառը' ինչու մարդիկ չեն մնում, քննարկում հարցերը ու չեն մասնակցում նիստերին», մեզ հետ զրույցում խնդրի շուրջ իր դիտարկումները ներկայացրեց Արծվիկ Մինասյանը:
Նա մատնանշեց մեկ այլ կարևոր հանգամանք ևս. ԱԺ արտահերթ նիստի տապալումից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորները դիմել էին ՍԴ, այդ որոշման մեկնաբանություններում ՍԴ-ն անդրադարձել էր նաև նիստի իրավազորության գաղափարին: «Եթե շարունակում ենք այդ տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ ցանկացած պահի, երբ դահլիճում պատգամավորների թիվը նվազում է օրենքով նախատեսված քանակից' 66-ից, ապա պետք է ընդհատվի նիստը, քանի որ այն իրավազոր չէ: Եթե խոսում ենք նիստի իրավազորության մասին, ապա 5 պատգամավորով նիստի իրավազորություն չի կարող լինել: Ստացվում է, որ ԱԺ-ն կարող է հայտնվել մի իրավիճակում, երբ քննարկված օրինագծերն ու հարցերը կարող են ոչ իրավաչափ ու ոչ օրինական համարվել», -մեկնաբանեց դաշնակցական պատգամավորը:
Ինչևէ, Մինասյանը Հովիկ Աբրահամյանի' խորհրդարանում կարգուկանոն սահմանելու մասին նախաձեռնությունը խրախուսելի է համարում և ամենևին էլ հոռետեսական տրամադրվածություն չունի: Ավելին, նա ԱԺ նախագահին առաջարկում է խորապես զբաղվել խնդրով, ստեղծել աշխատանքային խումբ' հարցերը քննարկելու, փաստերը համարդելու և նախաձեռնությունը խորությամբ իրագործելու համար: «Ի վերջո պատգամավորը հանրային անձ է և իր կեցվածքով, նիստերում իր մասնակցությամբ ու ակտիվությամբ պետք է ցույց տա, թե հանրությունը դեպի ուր կողմնորոշվի: Սակայն հանրության շրջանում հավատը բացակայում է, երբ տեսնում է, որ պատգամավորը գալիս է, այդ կնոպկան սեղմում ու գնում: Դրա համար էլ հասարակության մոտ ձևավորվում է պատկերացում, որ պատգամավորները միայն կոճակ սեղմողներ են», -նկատեց Արծվիկ Մինասյանը: