Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:

Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև միջազգային փորձագետ, կարգավորիչ գիլյոտինի հեղինակ Սքոթ Յակոբսը, Արժույթի միջազագային հիմնադրամի, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները:

Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է կարգավորիչ գիլյոտինի տվյալների բազայի գույքագրման արդյունքները, համաձայն որի՝ բիզնես գործընթացների և դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարանում մուտքագրվել է շուրջ 2500 իրավական ակտ՝ ստացված ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից:

Տեղեկացվել է, որ առաջիկա օրերին շտեմարանը հասանելի կլինի հանրությանը:

Խորհրդի կողմից հաստատվել է 2013թ. մայիս-նոյեմբեր ժամանակահատվածի աշխատանքային ծրագիրը: Դրա համաձայն՝ կկրճատվեն և կպարզեցվեն հարկային, մաքսային, մշակույթի, սոցիալական հարցերի, ձեռնարկատիրության, արտաքին գործերի, միջազգային հարաբերությունների և կրթության ոլորտների բիզնես գործընթացներն ու դրանք սահմանող իրավական ակտերը:

Սքոթ Յակոբսը ներկայացրել է ծախսերի ազդեցության գնահատման մեթոդը և Հայաստանում կարգավորման ազդեցության գնահատման համակարգի կատարելագործման ռազմավարությունը: