«Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի նախկին աշխատակից, իրավաբան Վարուժան Ավետիսյանը այսօր մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է ազատամարտիկների երկօրյա նստացույցին, այնուհետև' բողոքի գործողություններին և ասել, որ ինքը և «Նախախորհրդարանն» իրենց աջակցությունն են հայտնում հայրենիքի համար իրենց կյանքն ու արյունը չխնայած ազատամարտիկներին, ովքեր այսօր իրենց բողոքի և դժգոհության ձայնն են բարձրացնում «մակաբույծ» համակարգի դեմ: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:
«Որպես համակարգում աշխատած մարդ, ասեմ՝ ինչու այդպես եղավ, որ նույնիսկ ազատամարտիկը ձայն է բարձրացնում' ակնկալելով տարրական սոցիալական իրավունքների պաշտպանություն: Բանն այն է, որ մենք պիտի ազնիվ լինենք և այսքան տարի անց խոստովանենք, որ պետություն ստեղծելու մեր փորձը 90-ականներից սկսած անհաջող կամ կիսահաջողված էր: Խորհրդային գաղութից վերածվեցինք ժամանակակից գաղութային կազմավորման և, բնականաբար, պետք է լիներ գաղութային ադմինիստրացիա և արտաքին կառավարում: Ինչ է գաղութային կառավարումը. դա մակաբուծական կառավարում է, ձևավորվում է մակաբուծական ռեժիմ, որը տվյալ երկրի բնակչությանը և մնացած ամբողջ հարստությանը վերաբերվում է որպես ռեսուրսի, և որը ինքը' մակաբույծի նման, պիտի սպառի:
Հայաստանում կարճ ժամանակի ընթացքում ձևավորվեց այդպիսի մակաբուծական ներքին վարչախումբ, որը, արտաքին իր տերերի օժանդակությամբ, սկսեց իրացնել նրանց շահերը՝ դրա դիմաց իրացնելով իր մասնաբաժինը: Ձևավորվեց սպառողական հոգեբանություն և կենսադիրքորոշում ունեցող վերնախավ: Հասկանալի է, որ սպառողական կենսադիրքորոշում ունեցող համակարգում, բացի որոշ բացառիկ ինտելեկտուալ տականքներից, որպիսին, ցավոք սրտի, կան, մյուսները ցածր մտավոր կարողությունների տեր և ցածր մասնագիտական կարողություններ չունեցող մարդիկ են, որոնք երկրին և ժողովրդին վերաբերվում են ինչպես ռեսուրսի: Ահա այսպիսի ռեսուրսային մտածողության տեր համակարգի պատճառով է, որ ազգի, հայրենիքի պատվի և արժանապատվության համար իրենց կյանքը և առողջությունը զոհաբերած մարդիկ անգամ անտեսված են և արհամարհվում են»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:
ՊՆ կենտրոնական ապարատի նախկին աշխատակիցը տրամաբանական և արդարացի համարեց ազատամարտիկների դժգոհությունը և իր զորակցությունը հայտնեց նրանց:
«Դա պատահական չէ և առհասարակ մարդը այստեղ արժեք չէ և միշտ էլ անտեսված ու արհամարհված է: Սա Խորհրդային բազայի վրա արևմտյան որոշակի տարրերի ներբեռնմամբ, իրականում՝ մանիպուլյատիվ հնարավորությունները սերտած մի կառավարում է, որը ապահովում է տեղի վերնախավի անձնական և դրամային շահերը' արտաքին կառավարիչների հովանավորությամբ: Բնականաբար, այդպիսի վերաբերմունք պիտի լինի: Սա հակազգային կառավարում է, հակազգային համակարգ է, ուստի պիտի ազգի արժանապատվության համար իրենց կյանքը զոհաբերած և վտանգած մարդիկ էլ այդպիսի վերաբերմունքի արժանանան, դա անօրինաչափ երևույթ է»:
Քրիստինա Մկրտչյան