168.am-ը տեղեկացնում է, որ այսօր հրավիրված մամլո ասուլիսում ՀՀՇ հիմնադիր մի քանի անդամներ հանդես եկան հայտարարությամբ, որով ազդարարվեց Հայոց համազգային շարժում կուսակցությունը վերականգնման մասին: Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին հրավիրված ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարում որոշում էր կայացվել կուսակցությունը վերանվանել «Հայ ազգային կոնգրես»: Վերածնված ՀՀՇ-ի հիմնադիրներից հետաքրքրվեցին, թե արդյոք ՀՀՇ վարչության նախկին նախագահ Վանո Սիրադեղյանը, ով այժմ հետախուզման մեջ է, տեղյա՞կ է այս մասին: Այս մասին Արարատ Զուրաբյանը նշեց, որ ինտերնետի դարում ցանկացած մարդ կարող է օգտվել լրատվությունից և տեղեկանալ: «Վանո Սիրադեղյանը երբևէ մեզ չի զանգում»,- ասաց նա: Հնչեց նույնիսկ այսպիսի հարց, թե արդյոք Սիրադեղյանը գրո՞ւմ է ինտերնետով իր կուսակցական ընկերներին, ինչին ի պատասխան Ա.Զուրաբյանն ասաց, որ ցավում է այն փաստի համար, որ որևէ կապ չունեն Վանո Սիրադեղյանի հետ, սակայն նա նույնպես ՀՀ քաղաքացի է, և եթե ուզենա իր տեսակետն այս հարցի մասին հայտնել, կհայտնի: Իսկ Ալեքսանդր Արզումանյանը, ով ՀՀՇ-ի վերածնման նախաձեռնությամբ հանդես եկած 4 գործիչներից մեկն է, հիշեցրեց, որ Վանո Սիրադեղյանն ընտրվել է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ և որևէ հայտարարություն չի արել, որ համաձայն չէ ՀԱԿ-ի կազմում մնալու հետ: «Եվ նաև չի հայտարարել, որ համաձայնվում է»,-ժպտալով ավելացրեց Արարատ Զուրաբյանը: Սակայն կարծես Վանո Սիրադեղյանի վերաբերյալ հետաքրքրությունը ոչ մի կերպ չէր մարում. «եթե Վանո Սիրադեղյանն իմանա, որ ՀՀՇ-ն կազմաքանդվել է, ինչպե՞ս կզգա իրեն»,- հարցրեց մի լրագրող: «Հովհաննես Թումանյանը որ իմանա' այսօր Հայաստանում ինչ է կատարվում, ի՞նչ կասի»,- հակադարձեց Ա.Արզումանյանը Իսկ Արարատ Զուրաբյանն իր հերթին առաջարկեց հանգիստ թողնել Վանո Սիրադեղյանին' նշելով, որ վերջինս քաղաքական հալածյալ է: