ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, այսօր պատասխանելով ԳԱԼԱ-ի լրագրողի հարցին, թե ինչու՞ համոզեցին, որ սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի դիակը հարազատները ետ տանեն հայրենի գյուղ, պարոն Հովհաննիսյանը հարցով պատասխանեց. «Ի՞նչ եք կարծում' ինչքանով էր ճիշտ էդ էրեխու դիակը բերել դնել հրապարակում: Դուք գիտե՞ք, որ քրիստոնեության կանոնների համաձայն' դա նաև սրբապղծություն է»:
Երբ հակադարձեցինք, որ քրիստոնեության սկզբունքների համաձայն' մարդ սպանելն էլ է մեղք, ասաց. «Այո´, և դրա համար էլ մարդ սպանողները և բոլոր նպաստողները պիտի հայտնվեն քրիստոնեության և ոչ քրիստոնեության կանոններին համապատասխան պատժի մեջ»:
ՊՆ խոսնակից հետաքրքրվեցինք նաև, թե կան արդյոք նախաձեռնություններ' վերադասին գործի առնչությամբ աշխատանքից ազատելու կամ ձերբակալելու ուղղությամբ, տեղեկացրեց. «Օրենքով սահմանված կարգով բոլոր պատիժները, մինչև էրեխու դիակը Երևան փորձել բերելը, արդեն կային ազատվածներ պաշտոնից, ցերեկը եղան նորից ուրիշ ազատվածներ, պլյուս դրան' քրեական պատասխանատվությունը ինչ կներկայացնի, ով կպատժվի' դա էլ դեռ ժամանակը ցույց կտա»:
Արծրուն Հովհաննիսյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ովքեր են ազատվել պաշտոններից. «Չեմ կարող ասել հիմա, և դա էական էլ չի, որովհետև եթե ասեմ' փոխգնդապետ էսինչ էսինչյանը կամ գնդապետ էսինչ էսինչյանը, դա Ձեզ ինչ կտա հենց էս պահին: Հիմա չեմ կարող: Դա հաստատվի' կասեմ»:
Արմինե Վարդանյան