Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի, պաշտպան Հայկ Ալումյանի բողոքն իր պաշտպանյալին տուժող ճանաչելու դիմումը մերժելու քննչական մարմնի որոշման դեմ:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ անպայման այս որոշումը բողոքարկելու է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

Վ.Ղուկասյանն իրեն մեղավոր չի ճանաչում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք կրելը, առաջադրված մեղադրանքում: Ըստ նրա խորին համոզման, ինքը տուժող է՝ իր վրա հարձակում է տեղի ունեցել, և ինքը որովայնի շրջանում ստացել է հրազենային վնասվածք: Վ.Ղուկասյանն իրեն «մեղավոր» է ճանաչում միայն, որ «հասցրել է պաշտպանվել»:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության հաղորդագրության՝ ապրիլի 23-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել է: Նրանք Գյումրիում առավել հայտնի են համապատասխանաբար «Քավոր Հարութ» և «Շեկո» մականուններով և համարվում են ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ։

Բացի Վահե Ղուկասյանից, այս գործի շրջանակներում ձերբակալվել էր նաև Հարություն Խաչատրյանի, նույն ինքը՝ «Քավոր Հարութի» անչափահաս որդին՝ 1995 թվականին ծնված Գևորգ Խաչատրյանը՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով։