Panorama.am-Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսօր Ազգային ժողովում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն արտահերթ ելույթի իրավունքով հանդես եկավ և զգուշացրեց, որ չի կարդալու նախապես կազմած ելույթը: Հետո պատմեց, որ Ծրագրի երեկվա քննարկումներից հետո ուսումնասիրել է այլ երկրներում կառավարությունների ծրագրերի քննարկումները և եզրակացրել. «Բոլոր տեղերում նույնն է, բոլորը քննադատում են կառավարություններին' երբ եք պատասխան տալու»:

Թովմասյանն ասաց, որ հնչած հարցադրումները խորքային են և դրանց որոշ մասերն արդեն լուծումներ ստացել են, օրինակ' «հնացած» են խոսքի ազատության մասին ելույթները, քանի որ համատարած կայքէջեր են բացվում և գրվում է ամեն ինչ, չարտոնված հանրահավաքների մասին չի խոսվում, որովհետև այդպիսի երևույթ չկա Հայաստանում:

Թովմասյանը հորդորեց պատգամավորներին վեր կանգնել նեղ անձնական ու կուսակցական շահերից և միասին քննարկումների միջոցով լուծումներ գտնել: «Կառավարության ծրագրի տողատակերում հենց դա է գրված: Այս ծրագիրն ասում է' ունենալ անվտանգ հայրենիք, ունենալ արդար հայրենիք, ունենալ ապահով հայրենիք: Սրանք այն գաղափարներն են, որոնք փորձել ենք առաջ քաշել, միգուցե սխալներ կան, այո, դրանք կարող են լինել, եթե փորձում ենք փոխել, պետք է խոսել այդ մասին»,-հայտարարեց Թովմասյանը:
Նա ասաց, որ 22 դատավորներ պատասխանատվության են ենթարկվել, տարբեր ոլորտներում տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ դարձյալ պատասխանատվություն են կրել կաշառակերության և այլ հանցագործություններ գործելու համար:

«Այդ ամբողջը Ձեր սեփականությունն է դարձել, դուք այդ ամբողջը տեսել եք: Պատասխանատվությունը դա է: Իսկ քաղաքական պատասխանատվությունը, կներեք, դասագրքային ճշմարտություն է' քաղաքական պատասխանատվություն քաղաքական ուժը կրում է ընտրությունների ժամանակ: Դե իսկ պառլամենտական և կիսանախագահական երկրներում, երբ պառլամենտում անվստահություն է հայտնվում կառավարության գործունեությանը: Արեք դա, դա է քաղաքական պատասխանատվությունը, ինչ եք ուզում, որ պետք է աներ կառավարությունը: Ինչպես աներ, ինչ պետք է աներ, որ ասեիք' չէ, սկսեց պատժել, կամ ինչ անել: Ուզում եք ամեն ինչ և միանգամից չեք ստանում: Իրոք չեք ստանալու, որովհետև ես, որպես մարդ, որը չի անցել քաղաքական կարիերայի միջով և եկել է հանրային սեկտորից, ես Ձեզ վստահեցնում եմ, որ խնդիրների լուծումը ներքին դիմադրողականությունն է: Հասարակությունը միգուցե ինքը պատրաստ չէ: Մտածողության հեղափոխություն պետք է լինի այս երկրում ամուր կպչած լինելով. Ամեն մի հայի' Հայաստանից գնալը իրոք հուսահատեցնող է: Իսկ ինչ ենք անում, որ չգնան, իսկ ինչ ենք անում բացասական էմոցիան ամբողջությամբ տարածելով», -հայտարարեց Թովմասյանը: