Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում կհնչի «Վերջին զանգը»:

Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որեւէ դիպված չմթագնի օրվա տոնականությունը:

Այս օրերին ոսոտիկանության ստորաբաժանումների անչափահասների գործերով տեսուչներն այցելում են դպրոցներ, զրուցում տնօրենների, մանկավարժների, նաեւ ծնողների հետ: Նպատակը մեկն է' համատեղ, համակարգված, միահամուռ ապահովել «Վերջին զանգի» հանդիսությունների անխափան ընթացքը, մասնակիցների անվտանգությունը, պատշաճ կարգուկանոնը դպրոցներում ու դպրոցամերձ տարածքներում, փողոցներում, հրապարակներում, զբոսայգիներում, ամենուր, որտեղ իրենց տոնը նշելու են երեխաները:

Համոզված ենք, որ այդ նպատակին ուղղված աշխատանքներն արդյունավետ կլինեն: Ոստիկանությունը մայիսի 24-ին ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթներն ու շատ խիստ է լինելու համակեցության կանոնների եւ օրինականության խախտման ցանկացած դրսեւորման հանդեպ: Այդ խստությունը ոմանց կարող է նույնիսկ անհարկի թվալ, բայց մենք այլ կարծիքի ենք. ավելի լավ է մեզ քննադատեն խստության համար, քան սթափվենք, երբ դժբախտությունն արդեն պատահած կլինի...

ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս դիմում է հանրապետության տարածքում կազմակերպվելիք հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին' մանկավարժներին ու հատկապես ծնողներին' ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ տաքարյուն անչափահասների միջև:

Մեր երեխաներն առաջին քայլն են անում ինքնուրույն կյանքի ճանապարհին. անե՛նք ամեն ինչ, որ այդ քայլը միշտ պայծառ հիշվի: