Այսօր ԱԺ-ի շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մի խումբ ակտիվիստներ՝ կապված գազի թանկացման հետ:
Բանն այն է, որ այսօր ԱԺ-ում փակ հանդիպում-քննարկում պետք է լիներ, որին ներկա էին գտնվելու վարչապետ Տիգրան Սարգսյանը, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ակտիվիստները դեմ էին, որ ներսում որոշումները կայացվեն առանց հանրության շահագրգիռ ներկայացուցիչների մասնակցության:
Նշենք, որ ԱԺ-ից ներկայացուցիչ իջավ և մի քանի ակտիվիստի հրավիրեց մասնակցելու քննարկմանը, սակայն հետո պարզվեց, որ ակտիվիստներին չեն թույլատրել մասնակցել, նրանց ուղեկցել են լրագրողների համար նախատեսված սենյակ՝ հեռվից հետևելու քննարկմանը: Մնացյալ ակտիվիստների հորդորներով՝ ներս մտած ակտիվիստները նորից դուրս եկան ԱԺ-ից:
Նշենք նաև, որ ակցիայի ընթացքում շենքից դուրս եկավ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը, ում ակտիվիստները դիմավորեցին սուլոցներով: