ՀՀ–ում ճանապարհատրանսպորտային վթարների և մանկական ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճ է արձանագրվել, ինչը հաշվի առնելով ճանապարհային ոստիկանությունը մայիսի 23-ից մինչև հունիսի 23-ը հայտարարում է անվտանգ երթևեկության մեկ ամսյակ:

«Վերջին զանգի օրը վաղ առավոտից Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կլինեն շուրջ 30 դպրոցների մոտակայքում և հարակից փողոցներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը՝ հավելելով, որ նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ ինչքան էլ, որ իրենք հորդորում, պահանջում և խնդրում են ծնողներին՝ երեխաներին մեքենա չտալ, այնուամենայնիվ այդպիսի դեպքեր լինում են:

2012թ.-ին միայն վերջին զանգի օրը եղել է 4 ՃՏՊ, որից 1-ի դեպքում 4-ամյա երեխա է վթարի ենթարկվել: Իսկ մայրաքաղաքում նշված օրը 30 անչափահաս եղել են ավտոմեքենայի ղեկին:

Նորիկ Սարգսյանը կոչ արեց ծնողներին՝ գիտակցել օրվա կարևորությունը և ավտոմեքենան երեխաներին չտալ, որպեսզի այդ ուրախ օրը դժբախտ պատահարներով չավարտվի:

Անկախ նրանից, որ օրը տոնական է, եթե մեքենայի ղեկին լինի անչափահաս՝ առանց վարորդական իրավունքի, կտուգանվի 20 000 դրամով: 10 000 դրամով էլ կտուգանվեն այն ծնողները կամ հարազատները, ովքեր մեքենան կհանձնեն վարորդական իրավունք չունեցող երեխային:

«Եթե նախորդ տարիներին խիստ չենք եղել, ապա այս տարի շատ խիստ ենք լինելու, հատկապես նրանց նկատմամբ, ովքեր փորձելու են կարգ ու կանոնին չենթարկվել»,- ընդգծեց Նորիկ Սարգսյանը:

Նախորդ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում մանկական Ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը եղել է 75-ը, որից 3 զոհվել են, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում 39-ով ավել է:

Հեղինակ:
«ՓԱՍՏԻՆՖՈ»