Lragir.am. Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը կայցելի Հայաստան որպես Երևան, իմ սեր բարեգործական հիմնադրամի հյուր:
Արքայազնը կլինի Արքայական ընտանիքի առաջին անդամը, ով մայիսի 28-ից մինչև 30-ը մասնավոր այցելություն կկատարի Հայաստանի Հանրապետություն: Նա կայցելի աշխարհի հնագույն պետականորեն քրիստոնեություն ընդունած երկրի' Հայաստանի կարևորագույն պատմական հուշարձանները, ներկա կգտնվի գալա համերգին և ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ մայրաքաղաք Երևանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին:
Երևան, իմ սեր ծրագրի հիմնադիրը Արմեն Սարգսյանն է' Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը և նախկին Խորհրդային Միությունից անկախացած Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում: Սա «ճարտարապետական ժառանգության վերածնման նախագիծ է զուգորդված լուրջ հասարակական ազդեցության ծրագրերով», որը վերականգնելու է պատմական նշանակություն ունեցող շենքերը Երևանում, հարմարեցնելով դրանք նորովի օգտագործման համար բարեգործական նպատակով: Այս առումով Երևան, իմ սերը շատ նման է Դամֆրիների տուն ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական ծրագրին Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը: Այն ոչ միայն վերստեղծում է շրջակա միջավայրը, այլև որպես ժառանգություն փոխանցվում ապագա սերունդներին:
2007 թվականի հունիսին ՆԱՄ Ուելսի արքայազնը, կրելով Շոտլանդիայի Մեծն Ստյուարդ տիտղոսը, գլխավորեց բարեգործական և մշակութային ժառանգությամբ զբաղվող հիմնադրամների կոնսորցիումը և ձեռք բերեց Դամֆրիների տունն իր ողջ գույքով և կից հողատարածքով, որպեսզի Դամֆրիների տունը պահպանվի անեղծ, վերականգնվի շրջակա տարածքը և մատչելի լինի հասարակայնության համար: Արմեն Սարգսյանը երկար տարիներ եղել է Դամֆրիների տան վերականգնման խանդավառ աջակիցը:
Հայաստանյան այցելության ընթացքում Արքայազնը կայցելի Մատենադարան' հնագույն ձեռագրերի գրադարանն ու հետազոտական կենտրոնը, որտեղ պահպանվում են ավելի քան 17,000 հայ և օտարալեզու ձեռագրեր և 30,000 վավերագրեր: ՅՈՒՆԵՍԿՈՆ ճանաչել է Մատենադարանը որպես համաշխարհային մշակութային նշանակութան կենտրոն, որտեղ պահպանվում են պարսկերեն, հիբրուերեն, արաբերեն, ճապոներեն, ռուսերեն հնագույն աշխատություններ, որոնցում արծարծվում են բազում առարկաներ' բժշկություն և գիտություն, քերականություն, արվեստ և այլն:
Ուելսի Արքայազնը և Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում:
Արքայազնն այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին' Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնը և Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդի վեհարանը:
Ուելսի Արքայազնը ներկա է գտնվելու Երևանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն և գալա ընթրիք ի պատիվ <<Երևան, իմ սեր>> ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երևանի Կոնդ համայնքում' Սբ. Հովհաննես եկեղեցու հարևանությանբ վերակառուցել պատմական 3 շենք, որոնք Մոր և Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաև մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար և համայնքային գործունեության կենտրոն:
Երևան, իմ սերը «ժառանգության օազիս» է ստեղծելու Երևանի Սբ. Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների և մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական և համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն:
Երևան, իմ սերը նախատեսում է Երևանում հիմնել նաև Ազգային զբոսայգի, որ կմիավորի աշխարհասփյուռ հայերին իրենց Հայրենիքի հետ: Բնատեսարանի ճարտարապետ բրիտանացի Լորդ Ռենդլ Սիդդելին և գործընկերները լիազորված են մշակել 101 հեկտարանոց տարածքի նախագիծը, որը կներառի Սփյուռքի թանգարանը: Լոնդոնն ունի իր Հայդ Փարք զբոսայգին, Երևանն էլ կունենա իր Հայդ Փարքը, որը անգլերեն թարգմանելու պարագայում կնշանակի Հայկական զբոսայգի:
Երևանն աշխարհի ամենահին շարունակաբար բնակեցված քաղաքներից է, որը հիմնադրվել է մ. թ. ա. 782 թվականին և 30 տարով տարեց է Հռոմից: Արմեն Սարգսյանն ասում է. «Երևան, իմ սեր ծրագրի գերագույն նպատակն է համագործակցել Երևանի յուրաքանչյուր բնակչի հետ' հանուն քաղաքի հարուստ ժառանգության և բացառիկ էության»: