ԱԺ-ում Կառավարության ծրագիրը քննարկելիս շատ բան պարզ դարձավ: Եվ առաջին հերթին պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն ճաքեր է տվել, ու այդ ճաքերում արդեն իրենց «բույնն» են դրել ՀՀԿ-ում առկա ներքին հակասությունները:
Ու ընդ որում այդ հակասությունները ոչ միայն խմբավորումներով է պայմանավորված կոնկրետ անձի շուրջ, այլ նաեւ՝ տարիքային հակասություններով:
Երիտասարդ ՀՀԿ-ականները փորձում են ցույց տալ, թե իրենք արդեն «մեծ» են, հասունացել են, եւ արդեն քաղաքական սերնդափոխություն անելու ժամանակն է. իրենք քննությունը հանձնել, 55 % ձայն են ստացել:
ՀՀԿ-ական կուրիոզ ջահելները բոլորն էլ, ովքեր ելույթ ունեցան ԱԺ ամբիոնից, իրենց պարտքը համարեցին խոսել ընտրություններից' ցանկանալով նշել, թե տեսեք' մենք էնքան կայինք, որ ավագանու պես կարեւոր, չտեսնված ու դարակազմիկ ընտրություններում հաղթեցինք: Այդպիսի մոլորության մեջ էր, օրինակ, նաեւ Արմեն Աշոտյանը. ով ԱԺ ամբիոնից միամտություն ունեցավ հայտարարելու, թե երիտասարդ քաղաքական գործիչը 55 տոկոս ձայն է ստացել, հաղթել է ընտրություններում:
Կարեն Ավագյանն էլ, որպես չինական արտադրության Արմեն Աշոտյան, ելույթի ընթացքում ասաց ինչ-որ լղոզած, սակայն միանգամայն բոցաշունչ բաներ՝ չմոռանալով նշել ավագանու ընտրություններին իրենց հաղթանակի մասին:
Հետաքրքրական է, որ ՀՀԿ երիտթեւն առաջ է տանում ոչ թե այն միտքը, որ հաղթանակը եղել է հենց ՀՀԿ-ինը, այլ այն, որ հաղթել է հենց երիտթեւը:
Թե ասա, այ ջահելներ, նախ այն, ինչ եղավ ավագանու ընտրություններին, հաղթանակ չես կոչի, հետո էլ, ասած Վահան Հովհաննիսյանի, տեսնես' Ազատիչը, Գառնիկիչն ու Արգամիչը չլինեին, էդ հաղթանակի դափնիները ոնց էիք վերցնելու:
Սույնով դուրս է գալիս, որ համակարգում եղած հակասությունները տալիս են շատ հարցերի պատասխաններ, եւ այնպիսի պատասխաններ, որոնք արդեն դուրս են զուտ ամբիոններից հայտարարություններ անելու մակարդակից. գործի են դրվել սոցիալական ցանցերը, թերեւս Աշոտյանի գլխավորությամբ, մամուլի սեկտորն էլ իր վրա է վերցրել Շարմազանովը' մի քանի ճակատով փորձելով իրենց տեղն ամրացնել, ավագներին «մանրից» իրենց տեղը նստեցնել:
Irakan.info. ՀՀԿ երիտթեւը, որ առանց այն էլ համեստության ու խոհեմության մարմնացում չէր, այս վերջին ընտրություններից հետո ինչ-որ չափից դուրս են ոգեւորվել: Այս իմաստով որպես Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի պետ, Շարմազանովի ոգեւորությունն ու ինչ-որ տեղ նաեւ «լոպազությունն» այլեւս չափեր չեն ճանաչում: Թերեւս Էդուարդ Շարմազանովն իրեն արդեն նախագահ է երեւակայում, պատկերացնում է' ինչպես է դնում իր թեկնածություն նախագահական ընտրություններին, ինչպես է Կարեն Ավագյանը դառնում նրա շտաբի պետը, ինչպես է ինքը 80 խփում, ինչպես է ինքը նախագահի վեհ հայացքով չափում իր ժողովրդին, որ մինչեւ իրեն հասնի, երեւի մի քաղաքաչափ ժողովուրդ դարձած կլինի…
Սակայն մինչ այդ ինչքան ուժ ունի, փորձում է հաստատվել, հնարավորություններն ընդլայնել: Արդյունքում մենք ունենում ենք իրար դեմ պայքարող, ներկուսակցական կեղտոտ հարաբերություններին մյուսներին ներքաշող ջահել սերունդ, ու եթե այս տեսակ ջահելներն են մեր երկրի ապագան (ճիշտ էր ասում Գալուստ Գրիգորիչը, ԱԺ-ում շատերն են նախ թաղի խուժան են եղել, հետո դարձել ԱԺ պատգամավոր), ուրեմն ավելի տխուր վիճակ էլ է լինում, քան հիմա սա է:
Ի դեպ, մենք երեկ հետաքրքրվեցինք ԱԺ աշխատակիցներից, թե իսկապես Շարմազանովի օգնականների աշխատավարձը չեն բարձրացրել, ասացին' նման խոսակցություն չի եղել: Փաստորեն այս անգամ գոնե Շարմազանովը ճիշտ էր ասում: Այդ դեպքում տեսնես մամուլի հետ սերտ կապեր ունեցող մամուլի խոսնակը կարող է իմանալ, թե ինչպես են նման լուրեր հայտնվում մամուլում, չլինի՞ անձնական կապերն ու հեռահար հավակնություններն են պատճառը, կամ գուցե սա սերնդափոխությանը միտված հերթական քայլերի՞ց է, չի ասվի…
Արտակ Քաջար