Վարչապետ Տ. Սարգսյանը Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում առանձնատուն է կառուցում: Այդ մասին Hetq.am-ը իմացավ, երբ գյուղացիներից մեկը թվում էր իրենց գյուղի տեսարժան վայրերը: Առանձնատան մոտ էինք, երբ դիմացի սեփական տնից դուրս եկավ գյուղացիներից մեկը և որպես «վարչապետի հարևան»'մանրամասնեց, որ թեև դա Տ. Սարգսյանի առանձնատունն է, բայց նրան գյուղում երբևէ չեն տեսել, իսկ շինարարական աշխատանքներին հետևում է «վարչապետի բաջանաղի տղեն»: Նուռնուսցիներն այդ օրը գնում էին գյուղապետ ընտրելու, բայց ասում էին, որ իրենց գյուղի խնդիրներից ոչ մեկն էլ գյուղապետի ուժերով լուծելու հարց չէ, «վերևներից պետք է լուծվի»: Նրանք գնում էին գյուղապետի ընտրության՝ մտածելով, որ գյուղապետից ոչինչ կախված չէ: Ճանապարհին հանդիպեցինք գյուղի երիտասարդներից մեկին. ասաց, որ զզվում է իրենց գյուղից, ինքն իր ընտրությունը կատարել է, «հեսա գնալու է քաղաք, գործ անի, գյուղում մարդ չկա»: Նուռնուսը աղքատ գյուղ է. գյուղացիներն ամեն օր իրենց սոցիալական վիճակը գյուղի բոլոր տներից բարձր տանիք ունեցող առանձնատան հետ համեմատելու հնարավորություն ունեն: Նուռնուսը գյուղապետարան չունի: Գյուղապետն ու աշխատակազմը նստում են գյուղի' «50-ական թթ.-ից մնացած մշակույթի տանը»: Գյուղապետի տեղակալ Հրանտ Մարտիրոսյանը պատմեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այս տարի խոստացել է հովանավորել իրենց՝ գյուղապետարան կառուցելու համար: Պատասխանի են սպասում: Եթե հիմնադրամից ակնկալած ֆինանսական միջոցները հասնեն տեղ, կկարողանան նաև մանկապարտեզ կառուցել:
Գյուղի մշակովի հողտարածքը 254 հա է: Հ. Պետրոսյանի խոսքով՝ բոլոր գյուղացիներն էլ հող ունեն, բայց ունեցածի տասը տոկոսն են կարողանում մշակել, որովհետև տեխնիկա չունեն: «Միայն մեկ հատ տրակտոր ունենք՝ 60 թվի: Հազիվ ինքն է շարժվում անիվների վրա. դրանով հող մշակել չի լինում»,- ասում է Հ. Պետրոսյանը:
1 հա-ը տարեկան ջրելը նուռնուսցու համար արժենում է 110 հազար դրամ: Հ. Պետրոսյանի խոսքով՝ այդ 1հա-ից գյուղացին տարեկան ստանում է մոտ երկու հարյուր դոլարի օգուտ, և ստացվում է, որ միայն ոռոգման գումարը գերազանցում է գյուղացու տարեկան շահույթը: «Դրանից հետո ով կմշակի, երբ օգուտ չունեն»,- ասում է Հ. Պետրոսյանը:
Եթե չլիներ ջրի ու տեխնիկայի խնդիրը, ապա եղանակը բարենպաստ է հատկապես հացահատիկային մշակաբույսերի համար՝ ավելացնում է Հրանտ Պետրոսյանը: Գյուղացիները կարող են աճեցնել հաճար, գարի և ցորեն:
Գյուղում ծիրան, ընկույզ, կեռաս, դեղձ, տանձ և խնձոր է աճում : Հ. Մարտիրոսյանի խոսքով՝ գյուղացիները միայն իրենց տնամերձ 1000-1200մ հողատարածքն են կարողանում ջրել, որտեղ էլ հնարավոր է մի քանի պտաղատու ծառ աճեցնել:
Գյուղն ունի 640 բնակիչ: Տարեկան արտագաղթի թիվը մոտ 30-40 հոգի է՝ նշում է Հ. Պետրոսյանը: Նրա խոսքով՝ գյուղից հեռացողները հիմնականում երիտասարդներ են՝ աշխատուժը: Ծերացած է Նուռնուսը՝ ասում է նա:
Դրանում կարելի էր համոզվել՝ երեկ ընտրատեղամասում մի քիչ նստելով: Նուռնուսի քվեախցիկում իրենց ընտրությունը կատարում էին գյուղի տարեցները:
Արդեն հայտնի է, որ Նուռնուսում ընտրվել է նախկին գյուղապետ Մնացական Գևորգյանը: Նա 253 ձայն է հավաքել, իսկ նրա մրցակից Վանիչկա Ոսկանյանը՝ 10: Նախկին գյուղապետի՝ գրեթե միաձայն ընտրությունը կանխատեսելի էր. երեկ ընտրության գնացող գյուղացիների համար գյուղապետի փոփոխությունն իրենց կյանքը բարելավելու միջոց չէր: Ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ ընտրացուցակներում գրանցված բնակչության գրեթե կեսն է գնացել ընտրության՝ 438 գրանցված ընտրողից 267-ը: Մնացածը կամ գյուղից հեռացել են կամ էլ չեն գնացել ընտրության:
Գյուղը չլքող տարեցները առանձնատան կողքին պայքարում են իրենց աղքատության դեմ՝ բանկից վարկեր վերցնելով: Հ. Պետրոսյանի խոսքով՝ գյուղացիներից շատերն են հիմա վարկերը փակելու հոգսի տակ:
Մնացական Մկրտչյանը վարկ է վերցրել, մեղուներ գնել: Հիմա նա ընտանիքը պահում է' մեղր վաճառելով:
Նրա մասին գյուղում պատմում էին, որ դժվար կյանքով է ապրել, բայց ընտանիքը պահելու ելքը միշտ գտել է: Մտահոգվում էին նրա մասին, որովհետև, ասում էին, ընտանիքը մեծ է, «էրեխեքին հազիվ, տանջվելով մեծացրեց», հիմա էլ վարկ է վերցրել ու դժվարությամբ է կարողանում փակել:
Նա 3 հա հող ունի: Հաճար ու գարի է մշակում: Ասում է՝ հող մշակելուց օգուտ չկա. պարարտանյութի, տեխնիկայի և ջրի վճարները տալուց հետո «տակը բան չի մնում»: Նրա՝ ծիրանի և ընկույզի ծառերի բերքը արդեն ցրտահարվել են: Վերցրած 2500 դոլար վարկը փակելու են մեղր վաճառելով: Մնացականը զրույցի ընթացքում չդժգոհեց: Դրա փոխարեն վերջում ժպտալով ասաց. «Հեսա մեղրը կլինի, տեսնենք էս տարի բերքը ոնց կլինի, ես եմ վերցրել վարկը, բա ով պիտի փակի»:
Մարինե Մադաթյան
Լուսանկարը' Էրիկ Գրիգորյանի