Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Տավուշի մարզի Բերդավան գյուղի սկզբնամասում բախվել են «Mercedes» մակնիշի 24 LO 705 համարանիշի և «Rover» մակնիշի՝ 33 DU 562 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով երկու ուղևորներ՝ քաղաքացիների օգնությամբ, տեղափոխվել են Նոյեմբերյանի հիվանդանոց, իսկ «Rover»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս բերելու համար մեկ ժամից ավելի աշխատանքներ են կատարել ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, որից հետո վիրավորին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բրգադը տեղափոխել է հիվանդանոց: Վթարի հետևանքով երկու հոգի մահացել են, որից մեկը՝ դեպքի վայրում, մյուսը՝ հիվանդանոցում: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ, ինչպես նաև նույն վաշտի հետաքննիչ Մխիթար Գիշյանը: Այս պահին վթարի վայրում աշխատում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Անտոնյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննիչները, որոնց աշխատանքները այս պահին ղեկավարում է քննիչ Արկադի Աբովյանը: Գ. Շամշյանը հայտնում է, որ դեռևս պարզվել է մահացածներից մեկի ինքնությունը, ով Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ 28-ամյա Սմբատ Ղալթախչյանն էր: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հնարավոր է՝ նշված վթարի փաստով քննությամբ զբաղվի Հատուկ քննչական ծառայությունը, քանի որ, ըստ տեղեկությունների, մահացածներից մեկը ոստիկանության աշխատակից էր: Այս պահին ոստիկանությունը պարզում է վարորդների, մյուս մահացածի և վիրավորի ինքնությունը: