Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի
Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի
այցելությունը Հայաստան բարձրացրեց մեծ աղմուկ
եւ հետաքրքրություն: Անշուշտ, թագավորական
տոհմի նշանավոր ներկայացուցչի այցելությունը
հատկանշական էր, սակայն գլխավոր հարցն այն էր,
թե ինչո՞ւ է նման հայտնի անձնավորությունը գալիս
Հայաստան: Երկար ժամանակ այցի, հանդիպումների
կապակցությամբ որեւէ լուր չէր հրապարակվում:
Միայն այցելությունից երեք օր առաջ պարզվեց, որ
արքայազնը ժամանում է Երեւան «Երեւան, իմ սեր»
բարեգործական ծրագրի հիմնադիր Արմեն Սարգսյանի հրավերով:
Մայիսի 28-ին Երեւան ժամանած արքայազնի առաջին կանգառը եղել է Մատենադարանը, որտեղ նրան
սպասել են բազմաթիվ բնապահպաններ ու ակտիվիստներ: Արքայազնը Մատենադարան է մտել
հետնամուտքով եւ չի հանդիպել ոչ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ոչ էլ բողոքի ակցիայի
մասնակիցներին: Սակայն դա չի հիասթափեցրել բնապահպաններին, եւ նրանք բաց նամակ են գրել
արքայազանինՙ տեղեկացնելով, որ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը «Լիդիան ինթերնեյշընըլ»
հանքարդյունաբերական ընկերության կառավարիչների խորհրդի անդամ է, եւ ընկերությունը նպատակ
ունի Ջերմուկում ոսկու երկու հանքավայր շահագործել: Բնապահպանները նամակում ներկայացրել են
Ամուլսարի հիմնախնդիրներն ու հավաստիացրել, որ հանքի շահագործումը կվնասի բնությանը,
կենսաբազմազանությանն ու Ջերմուկի առողջարանային գոտու հանքային ջրերին: «Ձեր մտերիմները ձեզ
կփորձեն համոզել, որ բրիտանական ներդրումները Հայաստանին շատ անհրաժեշտ են եւ
աշխատատեղեր են ստեղծում: Սակայն հանքարդյունաբերության ստեղծած աշխատատեղերը չնչին են:
Հանքարդյունաբերությունը կազմում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի 3 տոկոսը», նշել են
բնապահպաններըՙ խնդրելով արքայազնինՙ որպես բնության պահպանության ջատագովի, զերծ մնալ
Ամուլսարի հանքի հետ կապված որեւէ գործողությունից, միջամտել բրիտանական այս վտանգավոր
ներդրումային ծրագրի հարցում եւ կանխել այնՙ միեւնույն ժամանակ խթանելով բրիտանական
ներդրումները Հայաստանի կանաչ տնտեսության մեջ:
Մանրամասները՝ «Ազգ»-ի այսօրվա համարում