Օրերս Aravot.am-ի հետ զրույցում Հոկտեմբերի 27-ի գործով Ռոբերտ Քոչարյանի ցուցմունքի հետ կապված Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը բացահայտել էր մի դրվագ՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի կանանց եւ այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից: Տիկին Բախշյանը պատմել էր, որ 2000-ի մայիսի 7-ին շատ ծանր խոսակցություն են ունեցել նախագահականում: «Երբ հերթը ինձ հասավ, ես ասեցի՝ պարոն Քոչարյան, զինդատախազ Ջհանգիրյանը անձամբ ինձ ասել է, որ իմ ձեռքերը կապում են, ինձ չեն թողնում աշխատել, դուք ինձ չեք օգնում, ի՞նչ է սա նշանակում: Նա հեռախոսը վերցրեց, հանձնարարեց Գագիկին գալ: 5 րոպե հետո Ջհանգիրյան Գագիկը հայտնվեց այդ սենյակում, նստեց մեզ թիկունքով՝ մեր ետեւում, ոչ մեկս դեմքը չէինք տեսնում: Եվ Քոչարյանը հարցրեց՝ Գագո՛, տիկին Անահիտն ասում է դու էսպիսի բան ես ասել: Ասեց՝ ես այդպիսի բան չեմ ասել: Ես շրջվեցի ու ասեցի՝ դուք տղամա՞րդ եք․․․ »: Այսօր Aravot.am-ը այս դրվագի հետ կապված փորձեց մեկնաբանություններ ստանալ Գագիկ Ջհանգիրյանից: Նա չէր ուզում պատասխանել: Երբ պնդեցինք, որ ձեր անունն է շոշափվել, ճի՞շտ է, որ Քոչարյանի մոտ ձեզ ասել են՝ դուք տղամա՞րդ եք, թե՞ չէ՝ նա պատասխանեց. «Ոչինչ, թող տիկին Բախշյանն իմ անունը շոշափի: Լավ է, արել՝ ասել է: Թող շոշափի տիկին Բախշյանը»: Եղե՞լ է նման բան, թե՞ չի եղել հարցին Գագիկ Ջհանգիրյանը ոչ այո պատասխանեց, ոչ՝ չէ: «Հարցրեք իրեն, ես չգիտեմ»,- պատասխանեց նա ու արագ հեռացավ՝ հորդորելով իր հետեւից չվազել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ