Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է Էդուարդ Բեքարյանի գործի դատավարությունը:
2012թ. մայիսի 10-ին հարուցվել էր քրեական գործ' չպարզված անձի կողմից համակարգչային տեղեկատվություն ապօրինի ներթափանցելու համար հատուկ միջոցներ պատրաստելու և համակարգչային ցանցում պահվող տեղեկություններին ապօրինի տիրանալու դեպքերի առթիվ:
Նշված արարքների համար 2013թ. մարտի 26-ին մեղադրանք էր առաջադրվել Գյումրի քաղաքի բնակիչ Էդուարդ Բեքարյանին:
Ըստ մեղադրանքի' Է.Բեքարյանը օգտագործել է համացանցից ձեռք բերված սոցկայքերի օգտատերերի մուտքանունների և ծածկագրերի ապօրինի ձեռքբերման կամ պատճենահանման համար պատրաստված համակարգչային հատուկ վնասաբեր ծրագրի հնարավորություններ:
Արդյունքում' Է.Բեքարյանը տիրացել է համակարգչային տեղեկություններ պարունակող անհատական 4 էջերի և դրանք վերադարձնելու համար ինտերնետային էջերի տերերից պահանջել տվյալ կայքում օգտագործվող խաղային միավորներ' OK:
Ինչպես գրում է թերթը, բարոյական վնաս կրած քաղաքացիները բոլորն էլ աղջիկներ են:
Դատարանում Է.Բեքարյանն իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել գործը քննել արագացված ընթացակարգով: Ընդհանուր իրավասության դատարանը նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ և 256-րդ հոդվածների 1-ին մասերով, և նրան դատապարտել տուգանքի' 350 հազար դրամի չափով' հօգուտ պետբյուջեի:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ» օրաթերթի' 04.06.2013թ. համարում: