Իրենց սոցիալական պայմանների բարելավման համար պայքարող ազատամարտիկները վաղը կրկին կգնան Կառավարություն՝ հիշեցնելու իրենց պահանջների մասին:
Հիշեցնենք, որ նախորդ նստացույցը ազատամարտիկներն արել էին մայիսի 11-ից 14-ը: Մայիսի 13-ին նրանք նամակ էին փոխանցել Կառավարությանը, որտեղից իրենց պատասխանել էին, որ շուտափույթ պատասխան կտան: Նստացույցի նախաձեռնող, Արցախյան պատերազմի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը irakan.info-ին հայտնել էր, որ պատասխան չստանալու դեպքում իրենք կշարունակեն պայքարը:
Վ.Ավետիսյանը այսօր հայտնեց, որ կառավարությունից իրենց նամակը փոխանցել են պաշտպանության նախարարությանը (ազատամարտիկներին ընդունել էր նաև նախարար Սեյրան Օհանյանը), որտեղից այն փոխանցվել էր ֆինանսների նախարարությանը: Ազատամարտիկը հիշեցրեց, որ իրենք պահանջում են կենսաթոշակի կրկնապատկում, կոմունալ վարձերի զեղչեր, բժշկական օգնություն, ինչպես նաև իրենց սոցիալական պայմանները կանոնակարգող օրենքի ընդունում:
Գնդապետի խոսքով՝ պատերազմին մասնակցած ազատամարտիկները, ովքեր ծառայության չեն անցել զինված ուժերում, մարտական գործողություններին մասնակցության համար թոշակ չեն ստանում: Իսկ նրանք, ովքեր պատերազմից հետո շարունակել են ծառայությունը որպես սպա, պատերազմին մասնակցության համար ստանում են 5000, կոչման և ստաժի համար՝ 60-90 հազար դրամ:
Վաղը ազատամարտիկները երթով կշարժվեն դեպի Կառավարություն, որտեղ, ասում են, շարունակվում է իրենց պահանջների քննարկումը: Մոտ 300 ազատամարտիկներ գրանցվել են իրենց մոտ, այլ քաղաքացիներ ևս աջակցություն են հայտնել: Մեր՝ հրապարակում եղած ժամանակ նույնպես մի քաղաքացի մոտեցավ Վ.Ավետիսյանին և ասաց, որ ողջունում է պայքարը:
Հրանտ Գալստյան