Գողական աշխարհի բանտային կյանքից անհայտ հեղինակի կողմից հետաքրքիր մի տեսագրություն է հրապարակվել համացանցում: Ինչպես հաղորդում է «Ռոսբալտ» համացանցային թերթը, տեսագրությունը ներկայացնում է բանտային այն միջավայրը, որտեղ իր պատիժն է կրում քաղաքացի Թենգիզ Օմարի Գիգիբերիան: Նրան Մոսկվայի Պրեսենսկի շրջանային դատարանը 2005թ.-ին դատապարտել է 17 տարի գաղութային ուժեղացված ռեժիմով ազատազրկման:
Գիգիբերիան այդ պատժին արժանացել է այնպիսի ծանր հանցագործություններ կատարելու համար, ինչպիսիք են սպանությունը, ավազակությունը և գողությունը:
Սակայն տեսագրությունն ի ցույց է հանում, թե ինչպիսի պայմաններում է իր պատիժը կրում դատապարտյալը: Նրա բանտախուցը ներկայացնում է մի շքեղ միջավայր, որտեղ կա հեռուստացույց, համակարգիչ, սուրճ պատրաստելու էլեկտրական ջեռոց, միկրոալիքային վառարան: Բանտարկյալն ունի բջջային հեռախոս: Նրան ծառայություն են մատուցում ոչ անհայտ երիտասարդներ, իսկ Պատժի իրականացման դաշնային ծառայության աշխատակիցները բացահայտ վախենում են ազատազրկվածներին դիտողություններ անել:
Նույնիսկ, երբ ստուգողը, տեսագրության սարքը ձեռքին, փորձում է Պատժի իրականացման դաշնային ծառայության աշխատակցին համոզել, որ խուզարկի «բանտախուցը», մյուս բանտարկյալները հարձակվում են օպերատորի վրա և խոչընդոտում դա իրականացնելուն: Իսկ այդ ընթացքում ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկում և միայն շատ երկչոտ համոզում են դատապարտյալներին, որ իրենց հանգիստ պահեն:
Թե հատկապես որ գաղութում է տեսագրություն արված, դեռ հայտնի չէ, սակայն համացանցի օգտատերերն իրենց մեկնաբանություններում հաստատում են, որ այդպիսի շքեղ պայմաններում «պատժի ժամկետ» են անցկացնում Ռուսաստանի բոլոր «գողերը», ովքեր ունեն կաշառքի համար փող:
Հաղորդագրությունը նշում է, որ դա չի վերաբերում քաղաքական հանցագործությունների համար դատապարտվածներին: