Այսօր սկսվում է ընդդեմ Վճռաբեկ դատարանի կողմից երկակի ստանդարտների կիրառման, խախտումների վրա «աչք փակելու» ՀՀ վճռաբեկ դատարանի գործելակերպի հարյուրավոր փաստաբանների բողոքի ակցիան: Նրանք այսօր և վաղը չեն մասնակցելու քրեական գործերով, քաղաքացիական կամ վարչական գործերով դատավարություններին, ինչպես նաև նախաքննության ընթացքում որևէ քննչական կամ այլ դատավարական գործողությունների:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Հայկ Ալումյանն, ով գործադուլը նախաձեռնող 46 փաստաբաններից մեկն է, ինտերնետով կամ կարճ հաղորդագրություններով իրենց մասնակցությունը հաստատել են 201 փաստաբաններ, սակայն գործադուլին մասնակցողների վերջնական թիվը պարզ կդառնա գործադուլին միացած փաստաբանների կլոր սեղան-քննարկմանը:
Նշենք, որ փաստաբանների գործադուլը սպառնում է դառնալ ավանդական: Ճիշտ մեկ տարի առաջ էլ փաստաբանները նույն պատճառներով դիմել էին մեկօրյա բողոքի ակցիայի՝ դատադուլի և խոստացել առկա խնդիրները չլուծվելու դեպքում դիմել բողոքի ակցիայի՝ արդեն երկակի ստանդարտներից տուժած վստահորդների մասնակցությամբ:
Փաստաբաններն որոշ ժամանակով արգելակել էին իրենց բողոքի գործողությունները՝ հնարավորություն տալով, որպեսզի իշխանությունները կատարեն իրավիճակը շտկելու սեփական հավաստիացումները: Սակայն իրավիճակն, ըստ փաստաբանների, մնաց անփոփոխ և փաստաբանները նորից դիմեցին բողոքի ակցիայի: