Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է բանկի' «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Կ.Գյուլնազարյանի կողմից յուրացում, վաշխառություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն' Կ.Գյուլնազարյանը 2007թ. մայիսին Ա.Մովսեսյանի հետ գործարք է կատարել' վերջինիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որի արդյունքում Ա.Մովսեսյանն ընկել է նյութական ծանր վիճակի մեջ, իսկ Կ.Գյուլազարյանը' օգտվել այդ գործարքից:

Մասնավորապես' Կ.Գյուլնազարյանն Ա.Մովսեսյանին առաջարկել է իրեն ունեցած 2500 ԱՄՆ դոլար պարտքը մարելու համար իր բարեկամուհուց տոկոսով գումար վերցնել: 2002թ. հոկտեմբերին Ա.Մովսեսյանը, Կ.Գյուլնազարյանի միջնորդությամբ, վերջինիս բարեկամուհուց պարտքով վերցրել է 3000 ԱՄՆ դոլար գումար' ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող' ամսական 5 տոկոսով:

Որպես գումարն ու տոկոսները վերադարձնելու երաշխիք' Ա.Մովսեսյանի հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը առուվաճառքի պայմանագրով ձևականորեն վաճառել է Կ.Գյուլնազարյանի բարեկամուհուն:

2006թ. Կ.Գյուլնազարյանի բարեկամուհին մահացել է, որից հետո վաճառված բնակարանը ժառանգությամբ ընդունել են վերջինիս զավակները:

2007թ. մայիսին Կ.Գյուլնազարյանը, իմանալով, որ Ա.Մովսեսյանը դեռևս 2002թ. վերցրած պարտքից 1000 ԱՄՆ դոլարն ու դրա տոկոսագումարներ' ընդհանուր 2000 ԱՄՆ դոլար, ի վիճակի չէ վերադարձնել մահացած բարեկամուհու որդուն, Ա.Մովսեսյանին առաջարկել է բնակարանը վաճառքի պայմանագրով անվանափոխել իր մորաքրոջ աղջկա անունով, որի դիմաց պարտավորվել է վճարել նրա պարտք-գումարը և տոկոսագումարները:

2007թ. սկզբին Կ.Գյուլնազարյանը 25 652 861 դրամ արժողությամբ բնակարանը 2000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց ձևականորեն վաճառել է իր մորաքրոջ աղջկան' դրանով հնարավորություն ստեղծելով նշված գույքը ցանկացած պահի իր հայեցողությամբ տնօրինելու: Գործարքը ձևակերպվել է 20 մլն. դրամով:

Արդյունքում' Կ.Գյուլնազարյանը, օգտվելով Ա.Մովսեսյանի համար ոչ ձեռնտու պայմաններում կնքված գործարքի արդյունքում բնակարանն իր տնօրինության տակ գտնվելու հանգամանքից, 2009թ. մայիսի 15-ին իր մորաքրոջ աղջկա միջոցով, առանց Ա.Մովսեսյանին տեղյակ պահելու, բնակարանը գրավադրել է բանկում: Սակայն վարկային իր պարտավորությունները չկատարելու արդյունքում նշված բնակարանը 2012թ. օգոտոս ամսին անցել է բանկին' որպես սեփականություն, իսկ Մովսեսյանները զրկվել են իրենց բնակարանից:

Բացի այդ, Կ.Գյուլնազարյանը, ով 2003թ. հունիսից հանդիսացել է բանկերից մեկի «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն' թվով 10 ավանդատուների' որպես ավանդ ներդրված գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010թ. փետրվարից մինչև 2010թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ժամկետից շուտ ավանդի գումարները հետ վերադարձնելու վերաբերյալ դիմումներում կեղծելով ավանդատուների ստորագրությունները, դրամարկղից ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի' 110 422 665 դրամին համարժեք 300 863 ԱՄՆ դոլար և 952 485 ՀՀ դրամ' բանկին պատճառելով ընդհանուր 111 127 116 դրամի գույքային վնաս:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: