Գյումրեցի ազատամարտիկները դժգոհում են, որ մինչև այսօր իրենց անցած ամսվա թոշակը չեն ստացել և չգիտեն նաև՝ երբ են ստանալու: «Խնդիրն այն է, որ մենք զանգահարում ենք զինկոմ, իրենք ասում են՝ չգիտենք՝ երբ կլինի: Կարո՞ղ է էս վերջին շրջանում, որ ոտքի կանգնեցինք ու բողոքեցինք, մեր թոշակները կտրեցին, նույնիսկ դրան ի վիճակի են այսօրվա իշխանությունները»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց գյումրեցի ազատամարտիկ Մկրտիչ Բաղդասարյանը, ով բոլորովին վերջերս մամլո ասուլիս էր հրավիրել Գյումրիում և հայտարարել, որ ինքը հրաժարվում է բոլոր տեսակի պարգևներից և շքանշաններից, որ շնորհել են նրան որպես ազատամարտիկ:

«Հիմա տեսեք՝ ես նորից հիվանդանոցում եմ, ինձ տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, քանի որ սրտիս հետ կապված լուրջ խնդիրներ ունեմ: Բայց իմ ընտանիքը սոված է, հասկանո՞ւմ եք, արդեն այսօր ամսի 12-ն է, բայց դեռ անցած ամսվա՝ մայիսի թոշակը չենք ստացել, սա ի՞նչ է նշանակում»,-ասաց ազատամարտիկը:

Նա ասաց նաև, որ ոչ մի կերպ ազատամարտիկներին չեն ասում՝ երբ կլինի, կամ ինչո՞ւ է ուշանում թոշակը:

«Մենք էս հայրենիքի զինվորներն ենք, մեր կյանքն ու առողջությունը կորցրել ենք հայրենիքի պաշտպանության համար: Մենք մեր արյունը չենք խնայել, բայց այսօր «զոռովից» մեզ ստիպում են, որ ոտքի կանգնենք: Մենք բարձրացում ենք պահանջում, իսկ իրենք ասում են՝ «վաբշչե» կզրկվեք»,-բողոքում են ազատամարտիկները և ավելացնում:- Գիտեք՝ այն մարդիկ, ովքեր զինկոմից առձեռն են ստանում, նրանք վաղուց ստացել են թոշակ, իսկ մենք, ովքեր բանկոմատներից ենք ստանում, սովորաբար ավելի շուտ էինք ստանում, բայց այս անգամ նույնիսկ չեն բարեհաճում ասել ուշացման պատճառը»:

Ինչո՞ւ է ուշացել ազատամարտիկի թոշակը և ե՞րբ են վճարելու: ԳԱԼԱ-ի այս հարցերին ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.

«Մենք կապ չունենք, սոցապն է տալիս հավանաբար, որովհետև որոնց որ ՊՆ է տալիս, զինկոմներից առձեռն ստանում են: Ազատամարտիկը, որ ստանում է բանկերից, իր թոշակը սովորական թոշակառուի մեխանիզմով է ստանում: Ուստի մենք տեղեկություն չունենք»:

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունից առայժմ չեն մեկնաբանում ուշացման պատճառները, նաև՝ թե երբ են թոշակները հատկացնելու:

«Սոցիալական ապահովության պետական ծառայությունից է դա կախված»,-ասացին սոցապից՝ առանց կոնկրետացնելու ուշացման հնարավոր պատճառների մասին, ու թե երբ են ազատամարտիկները վճարվելու:

Քրիստինա Մկրտչյան