Չնայած վերջին շրջանում գազի մասին արված բազմաթիվ հայտարարություններին՝ այս ոլորտում դեռ չասված շատ բան է մնում: Օրինակ, ՀՀ կառավարությունն այդպես էլ վերջնականապես չի գաղտնազերծում իրանական գազի մասին ողջ տեղեկատվությունը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր դարձյալ պնդել է շուրջ մեկ ամիս առաջ արած իր այն հայտարարությունը, թե Հայաստանի համար ավելի նպատակահարմար է գազ գնել Ռուսաստանից, քանի որ Իրանի գազի վաճառքի գինը ավելի բարձր է:

«Ես անձամբ բանակցել եմ Իրանի գազի ազգային ընկերության հետ եւ այն առաջարկները, որ իրենք առաջարկում էին մեզ շատ ավելի թանկ է, քան այն, ինչ որ այսօր ունենք ռուսական կողմից», –հատարարել է նախարարը, հավելելով. «Թե Իրանի դեսպանը ինչ թվերի հիման վրա է հայտարարել, չեմ կարող ասել»:

Հիշեցնենք՝ իրանական գազի թանկ լինելու մասին Արմեն Մովսիսյանի առաջին հայտարարությունից հետո ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին ասել էր. «Իրանական գազն ավելի թանկ չէ ռուսաստանյանից, կարելի է ասել, որ գինը նույնն է»:

Այդուհանդերձ, Իրանական գազը ռուսական գազին այլընտրանք այդպես էլ չի դառնում՝ որոշ դիտարկումների համաձայն՝ գազատարի փոքր տրամաչափ ունենալու պատճառով:

Բայց այս տեսակետը հերքել է հենց Էներգետիկայի նախարարը՝ նշելով, որ Իրան-Հայաստան գազատարը բավարարում է երկրի գազասպառման պահանջները:

2005 թվականին, երբ ձեռնարկվեց Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը, Հայաստանի կառավարությունը հայտարարում էր, որ դրա շահագործման արդյունքում Իրանից ներկրվող բնական գազի ծավալները առաջիկա տարիներին կկազմեն տարեկան 1,1 - 2,3 մլրդ խ/մ:

Համեմատության համար նշենք, որ գազի սակագնի վերանայման շուրջ ՀԾԿՀ-ի նիստում հրապարկված տվյալների համաձայն, Հայաստանն այսօր շուրջ 1.8 մլրդ խ/մ գազ է սպառում, որից միայն 350 մլն. է ներմուծվում Իրանից:

Pastinfo.am. Ի դեպ, Հայաստանն այս գազի դիմաց վճարում է ոչ թե դրամով, այլ էլեկտրաէներգիայով: 2004թ. ստորագրված պայմանագրով ստացված յուրաքանչյուր խ/մ-ի դիմաց Հայաստանը պետք է Իրան արտահանի 3 ԿՎՏ/ժամ էլեկտրաէներգիա։

Հետեւաբար, ներկրված գազի դիմաց մենք պարտավոր ենք համարժեք էլեկտրաէներգիա տրամադրել Իրանին, բայց դարձյալ պաշտոնական մեկնաբանության համաձայն՝ մեր արտադրական հզորությունները այսքանից ավելի հնարավորություն առայժմ չեն տալիս:

«Պայմանագիրը կնքելիս խոսքը գնում էր Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի վերակառուցման մասին. Դա կառուցել ենք, Երեւանի ՏԵՑ-ը կառուցել ենք, պետք է կառուցվեր նաեւ բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ, որը հնարավորություն կտար այդ պայմանագիրն իրականացնել»,- ԱԺ-ում տեղի ունեցած գազի հարցի շուրջ քննարկումների ժամանակ հայտարարել էր Արմեն Մովսիսյանը: Նախարարը նաեւ հայտարարել էր, որ այդ գծի կառւցման աշխատանքները դանդաղում են իրանական կողմի մեղքով:

Ի դեպ, ինչ վերաբերում է այս հոսանքատարի կառուցմանը, այսօր կառավարությունը որոշում է կայացրել նաեւ հունիսի 18-ին ԱԺ-ի արտահերթ նստաշրջան գումարելու առաջարկով հանդես գալու մասին: Նիստի օրակարգում ի թիվս այլ հարցերի ընգդրկված է նաեւ «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի' Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» նախագիծը: Թերեւս այս քննարկումը մի քանի օրից հերթական անգամ լույս կսփռի այս խիստ գաղտնի պահվող հարցի վրա:

Հեղինակ՝ Նելլի Դանիելյան