Lragir.am. Կան խնդիրներ, որոնք հաջողվում է բավական երկար ժամանակ լռության մատնել, համենայն դեպս՝ չակտուալացնել հրապարակային ոլորտում: Սակայն, վաղ թե ուշ, հարկ է դրանց մասին խոսել: Սակայն տվյալ «լռությունը» պատահականություն չէ, այլ քաղաքական գործիչների լիովին մշակված հաշվարկ, եթե իհարկե այդ հաշվարկին չեն ավելացվում որոշ հանգամանքներ:
Իրանը շատ լավ ծանոթ է տարածաշրջանի գործընթացներին ու միտումներին, եւ նկատում է ԱՄՆ, ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության հետ Հայաստանի ակնհայտ մերձեցումը: Անհանգստացնո՞ւմ է դա արդյոք Իրանին, արդյոք նա հակաքայլեր կձեռնարկի, կանխելու համար Հայաստանում եւ այդպիսով նաեւ Հարավային Կովկասում ԱՄՆ եւ Եվրատլանտյան հանրության ազդեցության մեծացումը: Որքան էլ տարօրինակ է, այս հարցը չի դարձել քննարկումների առարկա, քանի որ «հարց» որպես այդպիսին չկա:
Իրանի այս մտահոգությունն առկա էր 90-ական թվականներին, երբ Հայաստանի քաղաքականությունը չէր համարում լիովին անկախ: Այն ժամանակ Իրանի առջեւ ոչ միայն Արեւմուտքից, այլեւ Ռուսաստանից Հայաստանի անկախությունը մեծացնելու խնդիր էր կանգնած, եւ իրանցիները Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դիտարկում էին որպես իրենցից մեծ կախում ունեցող պետություններ: Օրինակ, լիովին լրջորեն իրանցիները դիտարկում էին ԼՂՀ-ին Իրանի հետ ասոցացված պետության կարգավիճակ տալու հնարավորությունը, աֆղանական հարավային Գերատ գավառի, Հարավային Իրաքի եւ այլ տարածքների հետ մեկտեղ:
Իրանը, ինչպես Ռուսաստանը, ակնհայտորեն թերագնահատել է սեփական ճակատագիրը տնօրինելու հայերի ընդունակությունը: Իրանը սակայն Հայաստանի տվյալ քաղաքականությունն ընդունեց որպես իր շահերի համար բավական բարենպաստ: Իրանի համար Հայաստանը նախեւառաջ ոչ թե ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի, այլ թուրքական էքսպանսիայի այս կամ այն ծրագրերին դիմակայող պետություն է: Ընդ որում, լիովին հասկանալի է, որ այդ խնդրի իրականացման համար Հայաստանը չպետք է հայտնվի միջազգային մեկուսացման մեջ, եւ պետք է զարգացնի հարաբերություններն Արեւմուտքի հետ: Հակառակ դեպքում, ում վրա հենվել, բացի Ռուսաստանից, հայկական ազգային շահերի քաղաքականության շարունակման դեպքում:
Իրանը չէր ցանկանա հայտնվել Հայաստանի շահերի պաշտպանի վիճակում, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ քաղաքական ու ռազմական հակամարտության ծավալման պայմաններում: Եթե Ռուսաստանը նույնիսկ կատարի իր պարտավորությունները, չի խանգարի օգտվել ամերիկա-թուրքական եւ եվրոպա-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներից: Իրանը հրաշալի հասկանում է, որ Հայաստանը չի կարող թույլ տալ վնաս հասցնել Իրանին, առավել եւս Արեւմուտքի ինչ որ պետությունների «պատվերով»:
Առաջավոր Ասիայի եւ Մերձավոր Արեւելքի հսկայական տարածությունում այդքան էլ շատ չեն ԱՄՆ եւ Իրանի շահերի համատեղման ասպարեզները, եւ երկու պետությունները շատ լավ են հասկանում, որ կան խնդիրներ, որտեղ ԱՄՆ ու Իրանի շահերը լիովին համընկնում են: Նման խնդիրներից է Հայաստանի աշխարհքաղաքական իրավիճակը, որը բավական խոցելի է, սակայն այս ասպարեզում ուժերի հավասարակշռության խախտումը կհանգեցնի աշխարհքաղաքական աղետի թե Իրանի, թե ԱՄՆ համար:
ԱՄՆ եւ Իրանի շահերն ավելի ու ավելի են համընկնում Իրաքում, եւ հնարավոր է՝ շատ շուտով պարզվի, որ նաեւ Սիրիայում (որքան էլ առեղծվածային թվա): Նմանապես, տվյալ դիրքորոշումներին է մոտենում Ռուսաստանը, որը ճեղքում է իրականացրել Մերձավոր Արեւելքում իր քաղաքականության մեջ: Սակայն, կկարողանա՞ Ռուսաստանը պահպանել այդ դիրքերը նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում:
Այս պրագմատիկ-ցինիկ աշխարհում, որքան էլ տարօրինակ է, դժվարացել է աշխարհքաղաքական դիրքեր կառուցելն առանց նման կամ մոտ պատմամշակութային համալիր ունեցող գործընկերների վրա հենվելու:
Իգոր Մուրադյան