Երեկ Ազատության հրապարակում հանրահավաք էին հրավիրել ազատամարտիկները: Նրանք դարձյալ բարձրաձայնում են իրենց պահանջները՝ ընդունել ազատամարտիկի մասին օրենք և թույլ տալ ազատամարտիկներին օգտվել մի շարք արտոնություններից, որոնցից մինչ օրս շատերը զրկված են: Իսկ եթե ազատամարտիկների պահանջը անտեսվում է, ի՞նչ են պատրաստվում անել: Այս հարցի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է Հետախույզ վետերանների միավորման անդամ Արթուր Բունիաթյանի հետ:
Վերջինս ասել է, որ առաջնահերթ պահանջները վերոնշյալ պահանջներն են, բայց այս գործընթացը գլոբալ լուծում է պահանջում, և սա ոչ միայն ազատամարտիկի, այլև ամբողջ հասարակության Հայաստանի ու Արցախի քաղաքացիների խնդիրն է:
«Այսինքն այսօրվա մեր այս կոռումպացված երկիրը, որը հիմա օլիգարխների ձեռքում է, ստացվում է, որ մենք գնացինք, աշխատեցինք, ստեղծեցինք երկիր, պետություն, պետականություն և անկախություն, և այսօր չկա այդ անկախությունը, չկա այդ երկիրը, չկա այդ պետականությունը և այլն: Այսինքն՝ տիրում է օլիգարխիա, մանարխիական դինաստիա՝ 17-րդ դարի Չինաստան է այսօր Հայաստանը: Քավ լիցի, որ այդ պահանջները չիրականանան: Ռուսներն ասում են «Не дай бог»»,- ասել է ազատամարտիկը:
Նա նշել է, որ այսօր կառավարությունը, օրենսդիրը մշակում են օրենքներ առանց ժողովրդի հետ հաշվի նստելու:
«Էդ ինչի՞ հենց ազատամարտիկները վեր կացան խոսեցին, հիշեցին, որ օրենք պետք է գրեն ազատամարտիկների համար: Գրիգորյան Մանվելը ինչի՞ տեղյակ չի եղել՝ մինչև էսօր ինչ վիճակի մեջ ա եղել ազատամարտիկը՝ ամբողջովին բարոյալքված վիճակում: Հլա մենք խոսում ենք կենդանի ազատամարտիկի մասին, բա զոհված ազատամարտիկների ընտանիքների մասին երբ մենք խոսենք»,- նշել է Արթուր Բունիաթյանը և տեղեկացրել, որ հերոսաբար զոհված ազատամարտիկներից մեկի մայրը նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով մի փոքր դրամական օգնություն, ու ՀՀ ՊՆ սոցիալական բաժնից գալիս է հետևյալ պատասխանը.
«Դուք ձեր դիմումի համաձայն տարեկան տասը հազար դրամ եք ստանում, բավարարվեք դրանով: Այսինքն՝ սուրբ նամակի դիմաց ստանում է բոլորովին բարոյականությանը հակասող պատասխան, ինչի մասին է խոսքը: Ո՞նց կարելի է էսօրվա ՊՆ-ից, կամ օրենսդրից, կամ կառավարությունից գոհ լինել: Երբ նամակում ասվում է, որ ՀՀ կառավարության որոշման պահանջներից ելնելով՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ֆինանսական միջոցներ լինելու դեպքում ձեզ կհատկացվի տասը հազար դրամ օգնություն, որը դուք կստանաք փոստային բաժանմունքի միջոցով. «ինչ խեղճ ա մեր ՊՆ-ն»: Սա ուղղակի խայտառակություն է, պետությունը իրավունք չունի էս ձևի անբարոյական նամակներ ուղարկելու հերոսաբար զոհվածի ընտանիքին»,- նշել է Արթուր Բունիաթյանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ ազատամարտիկները ցանկանում են ազատամարտիկների խուրհուրդ ստեղծել:
Նա նաև ասել է, որ եթե կառավարությունը հանկարծ ոչինչ չանի, ուզենա իրենց բերանը փակել ու մի կտոր ոսկոր նետել, ապա արդեն համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն:
«Կձեռնարկվեն, ու ես կուզեմ, որ ոչ միայն կառավարությունը մտածի, այլև էն օլիգարխները, ովքեր էսօր ժողովրդի արյունն են ծծում, թող իրանք էլ մտածեն, որ հանկարծ չգա էն պահը, որ «Լենինը հետ գա ու սկսի ռասկուլաչիտ անել»: Բոլոր օլիգարխներին ա վերաբերում: Էդ օլիգարխը եթե կա, ինքը կա ազատամարտիկով, ինքը դա պետք է հաշվի առնի: Ճիշտ ա, դա մեր մեղավորութունն է, որ մենք թույլ ենք տվել, որ նստի ու ժողովրդի արյունը ծծի: Ես էսօր մեր զոհված ազատամարտիկի ծնողից ներողություն խնդրեցի կառավարության նամակի պատասխանի համար, քանի որ իրենք հարկ չեն համարում, էդ ներողությունը խնդրեն, ես եմ ներողություն խնդրել ու ասել, որ «շատ կներես, տիկին Սվետլանա, որ ես թույլ եմ տվել, որ այսպիսի կառավարություն ձևավորվի»»,- ասել է Արթուր Բունիաթյանը:
Լիլիթ Թադևոսյան