Այսօր վաղ առավոտից լրատվամիջոցները գրում են, որ օրերս Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի՝ Կոտայքի մարզի իր հայրենի Գեղաշեն գյուղի առանձնատան տարածքից փախել է արջը: Եւ որ տեղեկությունը խնամքով թաքցվել է, սակայն որոնողական լայն աշխատանքներ են տարվել՝ ընդհուպ ուղղաթիռներով, բայց հայտնաբարել կենդանուն չեն կարողացել: Որից հետո արջը հարձակվել է գյուղի վրա եւ վնասել մի քանի հոգու, ովքեր տեղափոխվել են Աբովյան քաղաքի հիվանդանոց, վիրակապվել եւ շատ արագ «դուրս գրվել»:
Տեղեկությունը ԳԱԼԱ-ն փորձեց ճշտել Կոտայքի մարզի Գեղաշենի գյուղապետ Արմեն Հովհաննիսյանից, ով հաստատեց տեղեկություններն այն մասին, որ արջը հարձակվել է գյուղի վրա:
«Սովորական վայրի արջ էր, եկել էր առավոտը մտել էր գյուղ, վնասազերծեցինք- վերջացրինք: Երեկ առավոտյան՝ ժամը 07:30-08:00-ին գյուղից մի կնոջ թեթեւ չանչել էր, տարել են հիվանդանոց կնոջը, հիմա շատ լավ է այդ կնոջ վիճակը, խնդիր չկա, ուրիշ բան չկա: Այդ կնոջ առողջական վիճակը գերազանց է: Հավատացնում եմ ամենայն ազնվությամբ՝ ընդամենը վիրակապ են դրել, 10-15 րոպե է տեւել եւ վերջ»:
Հարցին, թե արդյո՞ք հավաստի են տեղեկությունները, որ այդ արջը փախել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի ամառանոցից, գյուղապետը պատասխանեց.
«Ըտնեց բան գոյություն չունի, չկա ըտենց բան: Գագիկ Հարությունյանը ընդամենը մեղու է պահում իր հայրական գյուղում: Արջ չի պահել եւ չի պահում: Այդ մասին գրում են, ամոթ է, ամենայն ազնվությամբ ասում եմ՝ չկա ըտենց բան, չի եղել, ես երդվում եմ իմ ամենայն սրբություններովս:
Ընդամենը արջ է մտել մեր գյուղերի ուղղությամբ: Արջի մասնագետները տեսել են՝ մի երեք տարեկան, մի քիչ փոքր, ըտենց մի քիչ կատաղած արջ էր, մենակ գյուղի սկիզբը էդ կինը դարպասի մոտ կանգնած է եղել, խփել ա, ընդամենը քերծվածքներ է ստացել, հիմա լավ ա»:
Քրիստինա Մկրտչյան