Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ՀՀ կառավարության քայլերն աննպատակային են, ինչի մասին է վկայում բիոզուգարանների գնման գործընթացը. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։ Նախկին նախարարը նշեց, թե մինչև բիոզուգարաններին հասնելն, այդ գումարները ինչի վրա կարելի էր ծախսել։ Այս մասին գրում է Tert.am-ը:

«Բիոզուգարանները սկզբունքայնորեն լավ երևույթ է աշխարհում, դա անհերքելի է, բայց հիմնականում օգտագործվում է քաղաքներից դուրս, բնության, պատմամշակութային օբյեկտների կողքին, քանի որ քաղաքներում կոյուղի համակարգ կա։ Ես դեպք չգիտեմ, որ քաղաքներում լինի, հազվադեպ՝ հատուկ նշանակության տարածքներում։ Հետո էլ քրքրեցի ինտերնետը, բայց 1 500 դոլարից թանկ չգտա, գուցե դա իմ մեղավորությունն է, լավ չեմ փնտրել։

Այդ ծախսերը, իհարկե, աննպատակահարմար են, խոսենք որտեղ կարող են ծախսել»,- ասաց նա և ավելացրեց, որ օրերս Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում էր և ականատես է եղել, թե ինչպես է հեռուստատեսությունով և ամեն տեղ գովազդվում Ադրբեջանը։ «Ամեն տեղ Ադրբեջանն էր, ասում էին եկեք, տեսեք ինչ ունենք։ Մի տեղ չտեսա Հայաստանը լիներ»,- ասաց նա և կարևորեց Հայաստանին՝ լիարժեք ներկայացնելը, որը որ պատասխանատու մարմինները չեն անում։

Նշենք, որ պետական բյուջեի հաշվին ՀՀ ֆինանսների նախարարությունը 2 զուգարաններից յուրաքանչյուրի համար հատկացրել էր 150 հազար դոլար։

Հաջորդ կարևոր խնդիրն, ըստ նրա՝ մշակութային վայրերի աղբն էր, ինչպես նաև մշակութային կառույցների անխնամ վիճակը, մասնավորապես՝ եկեղեցիների վրա աճած հարուստ բուսականությունը, որը չեն մաքրում։ «Ճանապարհորդում ես ամենուր, տեսնում ես կեղտեր, գումարի մի մասով ավելի ճիշտ կլիներ մաքրել այդ ճանապարհները»,- ասաց նա։

Ոչ պակաս խնդիր է, ըստ նրա, այն, որ հուշարձանների կողքը ռեստորան են կառուցում։ «Այդ պատճառով էր, որ օրինակ՝ Նորավանքը չմտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանվող մշակութային կոթողների ցուցակի մեջ»,- ասաց նա։

Իսկ վերջինն արդեն վերաբերում էր մայրաքաղաքի դիմագծին, որը քաղաքային իշխանությունները հետևողականորեն խեղաթյուրել են։ «Եվ վերջապես, դադարեցրեք Երևանի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ամոթ է, գալիս են դրսից տուրիստները, մի հին շենք չենք կարող ցուցադրել՝ կամ պղծել են, կամ ոչնչացրել»,- եզրափակեց նա։

Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, ով ասուլիսի հյուրերից էր, համամիտ էր բանախոսի կարծիքի հետ ու, իր խոսքով՝ պատրաստ էր Կարինե Դանիելյանի բոլոր ասածների տակ ստորագրել։

«Իհարկե, կարող եմ ստորագրել, նորմալ կարծիք էր»,- ասաց նա, բայց փորձեց ընդհանրացնել, թե մեղքը ոչ թե իշխանությունների մեջ պետք է փնտրել, այլ հասարակության։

«Ինչ-որ ժամանակ առաջ համալսարան էի գնացել ուսանողների հետ հանդիպման, բուհում մի հատ ձեռքը գիրք բռնած ուսանող չտեսա, այ բայց ձեռքներին բանալիներ՝ ինչքան ասես։ Բա էդ բուհի դասախոսներին էդ փաստը չի հուզո՞ւմ։ Այդ բոլոր պատճառները մի մեծ շղթա ունեն, փորձում ենք առանձին օղակներ փայլեցնել, բան չի ստացվում»,- փորձեց արդարանալ նա և հեռուստատեսության և այլ օրինակներ էլ բերեց, թե առանձին պայքարողներ, տարբեր տրամադրություններով, նպատակներով այսօր փորձում են հերոսանալ, առանց մտածելու, որ ընդհանուր վիճակն է այդպիսին։

Մեր դիտարկմանը, թե Երևանի ավագանու անդամը կոնկրետ իր քայլերը ինչպե՞ս կբացատրի, երբ «ստորագրում» է խնդիրները բարձրաձայնող Կարինե Դանիելյանի ասածների տակ, բայց միաժամանակ իր համաձայնությունը հայտնում Երևանի ավագանու քաղաքային դեմքը խեղաթյուրելու որոշումների հետ։ «Ես երրորդ մասում ապրած, քաղաքի տղա եմ, ավագանի եմ, դա ի՞նչ կապ ունի, դուք բոլորդ եք դեր խաղում։ Դուք էդքան միամի՞տ եք, թե՞ միամիտ եք ձևանում»,- ասաց նա և խոսեց կոնկրետ հրապարակի շուրջ ստեղծված աղմուկից։
«Հրապարակը սովետական ժամանակից սկսած աղավաղվել է, հիմա կարծիք հավաքելու համար է այդ ամենը տեղի ունենում, թե ինչը կարելի է փրկել, ինչը ոչ։ Հրապարակի վերաբերյալ 8-9 մրցույթ է մինչ այս հայտարարվել, բոլորն էլ եղել են անարդյունավետ, բայց նման աղմուկի դեպք չեմ հիշում, համոզված եմ, որ սա էլ անարդյունավետ կլինի»,- ասաց նա։

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կառավարության՝ զբոսաշրջության շրջանում իրականացված «ապիկար» քաղաքականության մասին խոսեց թվերով։

«Անցյալ տարի զբոսաշրջության տվյալներով Հայաստան է այցելել 780 000 զբոսաշրջիկ, Ադրբեջան՝ 1.5 մլն, իսկ Վրաստան՝ 2.8 մլն։ Հիմա ի՞նչ պետք է անել՝ 32 եղանակ կա, վերջինը ինքնահրկիզումն է»,- ասաց նա, իսկ մինչև վերջին տարբերակին հասնելը խոսեց, թե ինչ պետք է անել։ «Հիմա մենք ունենք պատասխանատուներ, եթե ապիկար են, ինչո՞ւ են շարունակում այդտեղ նստել և աշխատավարձ ստանալ։ Պետք է շարունակել հասարակական կարծիքն ուժեղացնել։ Դրանից վախենում է նույնիսկ նա, ով ոչնչից չի վախենում, պետք է այնպես անել, որ մեզ հետ հաշվի նստեն»,- առաջարկեց նա։

Բիոզուգարանների խնդրին անդրադառնալով՝ նա նշեց, որ դա ուղղակի հերթական փոքր կոռուպցիայի էլեմենտ է։ «Ես չգիտեմ, սա կառավարություն է, թե դուքյան, ախպոր դուքյան»,-եզրափակեց նա։