Shamshyan.com. Ասում են, թե մի անգամ Չինգիզ խանի մոտ ընդունելության են մտնում 3 այրի և խնդրում իրենց մահվան ենթարկել, քանի որ իրենց ամուսինները, կռվելով Չինգիզ խանի բանակում, մի քանի օր առաջ զոհվել են, իսկ իրենք առանց տղամարդու կյանքն անիմաստ են համարում: Խանը զայրանում, հրամայում է բանտարկել այրիներին և սնունդ չտալ: 3 օր անց կրկին ընդունում է նրանց և հարցնում, թե չե՞ն փոխել մեռնելու որոշումը: Այրիները մնում են անդրդվելի: Հաջորդ առավոտյան խանը շարում է զորքը և 3 այրիներին առաջարկում զորքից ամուսին ընտրել: Նախադեպը վերծավում է օրենքի, ըստ որի կինը ստանում է ամուսին ընտրելու իրավունք, իսկ եթե զոհվածի այրին է առաջարկություն անում, ապա տղամարդը մերժելու իրավունք չուներ: Այս օրենքը բարձրացնում է երջանկության ցուցիչը ամբողջ կայսրությունում: Ներկայում կինը պատգամավոր ու նախագահ ընտրելու իրավունք ունի, ինչը նրան այնքան էլ չի հետաքրքրում, իսկ ամուսին ընտրելու իրավունք չունի: Սոցիոլոգների կարծիքով երեխա չունեցող կնոջ միտքն 89 %-ով զբաղված է ամուսին ունենալու, ունենալու դեպքում՝ չկորցնելու խնդրով: Եթե կինն իրավունք ունի ընտրելու երկրի ղեկավար, օրենսդիր, իր փոխարեն և իր անունից որոշումներ ընդունող, ապա ինչո՞ւ ամուսին ընտրելու իրավունք չպիտի ունենա: Այստեղ կա բարոյական պատնեշ: Որոշ երկրներում կնոջ կողմից առաջարկություն անելը քրեորեն պատժելի արարք է համարվում և հավասարեցված է մարմնավաճառությանը: Որոշ երկրներում այդ պատնեշը հանված է, նույնիսկ օրինականցված է բազմակնությունը: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որտեղ բազմակնությունն օրինականցված է, մարմնավաճառների թիվը փոքր է, քան որտեղ այն արգելված է: Իսկ այն երկրներում, որտեղ կինն ամուսնանալու առաջարկություն անելու իրավունք ունի, հոգեկան, նյարդային և քաղցկեղային հիվանդներն ավելի քիչ են և երջանիկ մարդկանց թիվն անհամեմատ մեծ, քան որտեղ այդ իրավունքը սահմանափակված է: Մեր երկրում բնակիչների 94 %-ն իրեն երջանիկ չի համարում: Հիստերիա, շիզոֆրենիա, քաղցկեղային հիվանդություններով տառապող, երբեմն ինքնասպանություն գործող կանանց թիվը սարսափելի մեծ է: Չամուսնացած կինը չարանում է, նրա մոտ ձևավորվում է բարձր գին ունեցող ապրանքի բարդույթ, որը պետք է գրավիչ տեսք ընդունի և սպասի գնորդին, ինչպես խոզի չալաղաջը ցուցափեղկում, որն ատում է բուսակերներին և աղքատներին: Ապրանքի բարդույթի ծուղակում կինը հակվում է մարմնավաճառությանը: Իսկ եթե բախտի բերմամբ ամուսնանում է, ապա որպես կանոն վրեժ է լուծում ամուսնուց իր երկար սպասումների և տառապանքների համար: Ապրանքի բարդույթն ու նրանով սնվող վրեժը դառնում է ընտանեկան վեճերի և ամուսնալուծությունների հիմնական պատճառը: Մի խոսքով կարելի է շրջանցել ընտանեկան նոր խորթ օրենքներ ընդունելու արտաքին պարտադրանքները, խեղդվողին փրկելու գործը թողնելով խեղդվողին, և կնոջը շնորհել ամուսին ընտրելու իրավունք, ինչպես դա արեց Չինգիզ խանը: Կամ կանադացի և գերմանացի գիտնականների օրինակով կնոջ ուղեղը բաժանել 7400 մասերի և կազմել 3D քարտեզ ու վերջապես պարզել, թե ի՞նչ է ուզում կինը:

ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ