Մոսկվայի ոստիկանները «տաք» հետքերով մի քանի մարդ են ձերբակալել, ովքեր կասկածվում են մի տղամարդու դաժան սպանության մեջ:

Տուժածի մարմինը հայտնաբերվել է Իզմայլովոյի շրջանի Պերվոմայսկի փողոցում:

«newsru.com» կայքը գրում է, որ լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին, որ ձերբակալվածների մեջ կան այդ գիշեր տեղի ունեցած դպրոցական ավարտական երեկույթի մասնակից պատանիներ: Սակայն ՌԴ ՆԳՆ-ում այդ լուրը հերքել են և նշել, որ շրջանավարտների տոնը, ընդհանուր առմամբ, անցել է հաջող:

Իսկ տղամարդու սպանության գործով ձերբակալվածները, ըստ «interfax»-ի, երեք երիտասարդներ են, ովքեր «ոչ մի առնչություն չունեն մայրաքաղաքի դպրոցականների հետ»:

Գլխավոր կասկածյալը 1995թ ծնված մի երիտասարդ է, ով ոչ մի տեղ չի աշխատում կամ սովորում և ով ավելի վաղ հեռացվել է ուսումնարանից:

Երկրորդ ձերբակալվածը, ով ըստ նախնական տեղեկությունների տղամարդուն մինչև սպանելը ծեծի է ենթարկել, հասակակից է առաջին կասկածյալին և աշխատում է խանութում՝ որպես առաքիչ:

Երրորդ ձերբակալվածը, ով մոտ 20 տարեկան է, առայժմ հանդիսանում է վկա: Նա աշխատում է գործարանում:

Ինչպես նշում է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական կայքը, երեք ձերբակալվածներն էլ անչափահասներ են:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապահ մարմիններում գտնվող աղբյուրներից «interfax»-ը տեղեկացել էր, որ սպանության կասկածանքով ձերբակալվել և «ՆԳՆ «Հյուսիսային Իզմայելովոյի» բաժին բերման են ենթարկվել հինգ պատանիներ՝ Մոսկվայի դպրոցների շրջանավարտներ, ովքեր, համաձայն նույն աղբյուրի, «...արդեն տալիս են խոստովանական ցուցմունքներ»:

Հեղինակ:
«Փաստինֆո»