Պակիստանցի երիտասարդ դերասանուհի Բուշրա Վաիզը դարձել է ծծմբական թթվով հարձակման զոհ:

Դեպքը տեղի է ունեցել անցյալ կիրակի, Հայբեր Փահթունհվա նահանգի Նաուշերա քաղաքում,- գրում է «New York Daily News» պարբերականը: Ինչ-որ մի տղամարդ կարողացել է ներթափանցել 18-ամյա դերասանուհու տուն, որտեղ նա բնակվում է իր ընտանիքի հետ և աղջկա դեմքին է լցրել այրող հեղուկը:

Դրա հետևանքով Բուշրա Վաիզը դեմքի աջ հատվածում, ինչպես նաև ձեռքերի ու ոտքերի վրա ստացել է լուրջ այրվածքներ: Վնասվել է նաև աղջկա մի աչքը:

Հանցագործը դեպքի վայրից անհետացել է: Նրա անձը դեռ չի ճշտվել, սակայն Բուշրայի հարազատները վստահ են, որ դա եղել է դերասանուհու նախկին պրոդյուսեր Շաուկաթ Խանը:

Հարձակումից որոշ ժամանակ առաջ պրոդյուսերը նրան ամուսնության առաջարկություն էր արել, սակայն Բուշրան մերժել էր: Միաժամանակ աղջիկը հրաժարվել էր նրա հետ աշխատել, քանի որ պրոդյուսերը դրա դիմաց այլևս դերասանուհուն չէր վճարում:

Բուշրայի եղբայրը՝ Աքթարը, որը քրոջ նկատմամբ ծծմբական թթվի գրոհից նույնպես զգալիորեն տուժել է, ասել է, որ հարձակման պահին տանը բավականին մութ էր և հնարավոր չի եղել տեսնել հանցագործի դեմքը:

Ոստիկանությունը սկսել է չարագործին բացահայտելու ուղղությամբ հետաքննչական միջոցառումներ իրականացնել:

Բուշրա Վաիզը Պակիստանում թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի է: Նա հանդես է գալիս Շազիզ Ազիզ կեղծանվամբ: Նա նաև Փուշտու լեզվով երգերի հայտնի կատարող է: