Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը արդեն տևական ժամանակ է՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու դատարանում ընթանում է Գյումրիի բնակիչ Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննությունը: Դատաքննությանը արդեն բազմաթիվ վկաներ են վկայություններ տվել, իսկ դատական նիստերը մի քանի անգամ հետածգվել են, քանի որ դատարանում պետք է վկայություն տա նաև Գյումրու նախկին քաղաքապետ Վարդանիկ Ղուկասյանը: Դատարանը Վ. Ղուկասյանին բերման ենթարկելու որոշում կայացրեց, սակայն ինչպես գյումրեցիներն էին կատակում. «Վարդանիկը գուլպա չունի, ոնց դատարան գնա ոտաբաց», իսկ հետո հրաժարվեց դատարան ներկայանալ ինչպես նախկին քաղաքապետը, այնպես էլ նրա դուստրը՝ Մանյա Ղուկասյանը: Ղուկասյանները, տեսնելով, որ այլ ելք չունեն և պետք է այնուամենայնիվ ներկայան, թուղթ են ուղարկել դատարան, որ իբրև իրենք առողջական խնդիրներ ունենալու պատճառով գտնվում են Գյումրիում գործող «Ճերմակ» հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում: Երեկ տեղեկացրել էինք, որ հրդեհ է բռնկվել Վարդանիկ Ղուկասյանի կողմից վերանորոգվող Գյումրիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթում: Սակայն գյումրեցիները տարակուսած իրար հետ զրույցում պատմում էին. «Էս ոնց եղավ, օր Վարդանիկը լավացավ, մոռացավ աղիների խցանումների մասին ու հայտնվեց Ամենափրկչի մոտ, սակայն նա չէր համարձակվում մոտենար եկեղեցուն»: Գյումրեցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին՝ «իսկական վախտ ա, դատարանը թող ոստիկաններին ուղարկի Վարդանիկին սրբի դռնից տանեն դատարանի դուռ»: Նման վեաբերմունքով, կարծում ենք, նախկին պաշտոնյան արհամարհանք է դրսևորում դատարանի նկատմամբ: