Այն, ինչ կատարվում է Հայաստանի իշխող կուսակցության ներսում ո՛չ «կոմպրոմատների պատերազմ» է, ո՛չ էլ պոպուլիզմ, այլ՝ Операция «Преемник» (օպերացիա «Իրավահաջորդ»), Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց քաղաքագետ, PR տոխնոլոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանը' անդրադառնալով Վերահսկիչ պալատի բացահայտումներին և «օֆշորային սկանդալին»:

«Եթե շրջանը նախընտրական լիներ, առջևում լինեին ընտրություններ, կհամաձայնեի, որ դա պոպուլիզմ է: Բայց քանի որ դրանք չկան, և առավել ևս ընթանում են նույն թիմի ներսում, իսկ, Սերժ Սարգսյանը, համաձայն Սահմանադրության, երրորդ անգամ չի կարող դնել իր թեկնածությունը, սկսվել է այսպես կոչված Преемник օպերացիան»,- ասաց նա։

Կարեն Քոչարյանը հստակեցրեց, թե ինչ նկատի ունի դա ասելով. «Իշխող կուսակցության ներսում պայքարն ընթանում է այն բանի համար, թե ո՞վ է լինելու այդ իշխանության ներկայացուցիչը հաջորդ նախագահական ընտրություններում»:

Վերահսկիչ պալատ-կառավարություն, Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիոսկոպոս Կճոյանի և գործարար Աշոտ Սուքիասյանին վերագրվող օֆշորային սկանդալը, ըստ Կարեն Քոչարյանի՝ այս գործընթացի համար հանդիսացան կատալիզատորներ:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը անդրադառնալով ԱԺ-ում ներկայացված և բուռն քննարկումների առիթ դարձած Վերահսկիչ պալատի 2012-ի հաշվետվությանը, նշել էր, որ վերջինս իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով,

Իսկ կառավարության երեկվա նիստին, առհասարակ, Տիգրան Սարգսյանը նախարարներին հանձնարարեց հրապարակավ պատասխանել բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են Վերահսկիչ պալատի արձանագրած չարաշահումներին։

Ըստ Կարեն Քոչարյանի՝ իշխանության ներսում խմորումներն սկսվել էին շատ ավելի վաղ։ «Դեռ Երևանի ավագանու ընտրություններին, երբ շտաբի պետը ոչ թե Հովիկ Աբրահամյանն էր (այլ Էդուարդ Շարմազանովը – Tert.am), խոսակցություն կար «երիտասարդ հանրապետականներ-տարեց հանրապետականներ» կոնֆրոնտացիայի մասին, հետո գնաց, գնաց ու երբ բավականին լավ ցուցանիշներ եղան, երիտասարդները բավականին ամրապնդեցին իրենց դիրքերը»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ այս պայքարը բազմավեկտոր է և կարող է ներառել այնպիսի խմբերի, ինչպիսիք են արևմտամետ-ռուսամետ կողմնորոշում ունեցողներ, երիտասարդներ ու ավագներ, կուսակցության քաղաքական հատված և օլիգարխիկ թև: Այս ամենի համադրության մեջ էլ պետք է նայել այն, ինչ տեղի է ունենում:

Այնուամենայնիվ, անձերի մակարդակով ովքե՞ր են «կողմերը» և քանի որ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը ստույգ հանդես է գալիս որպես կողմ, կարելի՞ է ասել, որ նրա կաբինետը իր հետ է, իր թիմում, այս հարցին ի պատասխան, քաղտեխնոլոգն ասաց, որ ստույգ կարող է ասել, որ վարչապետի հետ է նրա տնտեսական թիմը:

Այն, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դերը բավականին պասիվ է, ըստ քաղտեխնոլոգի՝ ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ պայքարն ընթանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության ներսում:

Սա, իհարկե, չի նշանակում, որ Կարեն Քոչարյանը բացառում է, որ ԲՀԿ-ն կամ ԲՀԿ-ամերձ շրջանակները կլինեն նախագահ Սերժ Սարգսյանի հետնորդը, բայց սա, ինչպես ասում են՝ այլ օպերայից է: Իսկ այս պահին «մինչև այդ շրջապատներին հասնելը նրանք այդ խնդիրը իրենց ներսում պետք է լուծեն»:

Կարեն Քոչարյանն այն կարծիքին է, որ մինչև 2016 թվականը «ջրերը չեն զուլալվելու», և մինչ այդ անընդհատ գնալու է ուժի ցուցադրում:
«Թե դա կլինի Ձեր ասած կոմպրոմատների տեսքով, թե ներքին շարժումների տեսքով, որ հիմա կատարվում է, դա կերևա տարբեր ժամանակներում կուսակցության տարբեր համագումարներում. ո՞վ է դառնում տեղակալ, ո՞վ է խորհրդի անդամ և այսպես շարունակ: Ընթացքում կերևան էդ պրոցեսները»,– ասաց նա:

Այսուհանդերձ, Կարեն Քոչարյանը կարծում է, որ հընթացս, իրավիճակային հանգուցալուծումներ կլինեն, և դրանցից առաջինը կլինի աշնանը՝ պայմանավորված արտաքին քաղաքական խնդիրներով: «Եթե ստեղծվի այնպիսի վիճակ, որ իրոք թե՛ Ռուսաստանը, և թե՛ Եվրոպան մինչև վերջ պնդեն, որ ոչ թե «և՛, և՛ է», այլ «կա՛մ, կա՛մ», այսինքն՝ առաջանա ընտրություն կատարելու խնդիր»,- բացատրեց Կարեն Քոչարյանը: