ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում Վերահսկիչ պալատի հաշվետվության վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը: Նա նշել է, որ հաշվետու ժամանակաշրջանում Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է վտանգավոր թափոնների կառավարման ոլորտը: Ըստ փոխնախարարի՝ այդ ուսումնասիրությունների արդյունքում ՎՊ-ն հանդես է եկել 7 կետանոց առաջարկություններով:
ՎՊ դիտողությունները վերաբերել են վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում առկա օրենսդրական բացերին, ինչի հետ նախարարությունը համաձայն է: Ս. Պապյանի խոսքով՝ նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հանդես է գալու օրենսդրական փոփոխությունների փաթեթով:
Իսկ ֆինանսական մասով, Ս. Պապյանի ներկայացմամբ, թափոնների կառավարման ոլորտին 11 մլն դրամ է տրամադրել, որոնք ծախսվել են նպատակային և որևէ դիտողություն այդ առումով չկա:
Անդրադառնալով ՎՊ-ի հաշվետվության մեջ նշված Նուբարաշենի աղբավայրում կենսագազի օգտահանման և էլեկտրաէներգիայի արտադրության հայ-ճապոնական ծրագրին վերաբերող խախտմանը, ապա փոխնախարարը նշել է, որ դա ՀՀ բնապահպանության նախարարության իրավասության շրջանակներում չէ:
Սիմոն Պապյանի խոսքերով՝ իրենք ՎՊ-ի որոշ արձանագրությունների հետ համաձայն են, որոշների հետ՝ ոչ: