«ՀայՌուսգազարդ»-ի' ՀՀ կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպորմին» զիջելու հարցին միայն տնտեսական տեսանկյունից չպետք է նայել: Այս կարծիքին է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, ով Lragir.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիրն աշխարհաքաղաքական, տնտեսական անվտանգության, նաև իրավական ասպեկտ ունի:
«Աշխարհաքաղաքական առումով, կարծում եմ, 20 տոկոսի հանձնումը Գազպորմին էներգետիկ ենթակառուցվածքների հարցում սահմանափակում է մեր աշխարհաքաղաքական մանևրի հնարավորությունները: Տարածաշրջանային նախագծերում մասնակցության առումով ունենում ենք սահմանափակումներ»,- ասաց Աշոտ Եղիազարյանը:
Հայ պաշտոնյաների այն պնդումներին, թե 20 տոկոս բաժնեմասի տրամադրումը Գազպորմին ոչ մի էական փոփոխություն չի առաջացնի, տնտեսագետը հակադարձում է. «Ինչպե՞ս կարող է էական ազդեցություն չունենալ»: Աշոտ Եղիազարյանի խոսքով' պետք է օրակարգում դնել այս հարցը' ինչպե՞ս 20 տոկոսը շատացնել:
«Տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները դրանք աշխարհաքաղաքական ազդեցության գործիքներ են: Երկիրը, որը չի վերահսկում իր էներգետիկ ենթակառուցվածքները, դրանք վերահսկում են այլ երկրների ընկերությունները, որոնք հիմնականում իրականացնում են պետական քաղաքականություն և թելադրում են աշխարհաքաղաքական ուղղվածություն, աշխարհաքաղաքական պատկանելություն: Դրանով ամբողջությամբ գործողությունների առումով կապվում են երկրի կառավարության ձեռքերը: Դրա համար դա սխալ հարցադրում է' չպետք է հասներ 20 տոկոսի: Շատ խնդիրներ առաջացել են նրանից, որ անընդհատ իջել ենք ու հասել 20 տոկոսի: Իհարկե, քվեարկության առումով 20 տոկոսը ոչինչ չի տալիս, բայց հարցն էդպես չպետք է դրվի»,- նշեց նա:
Աշոտ Եղիազարյանի խոսքով, էներգետիկ քաղաքականության, երկրի տնտեսական անվտանգության տեսանկյունից էլ պետք է դիտարկել, թե ինչ հիմնախնդիրներ է ստեղծում էներգետիկ ակտիվների ամբողջական վերահսկումը: Աշոտ Եղիազարյանի խոսքով' ռուսական էներգետիկ ընկերություններն ունեն որոշակի էներգետիկ քաղաքականություն ու նախագծեր, տվյալ դեպքում նաև մեր տարածաշրջանում:
«Այսինքն' իրականացնում են որոշակի քաղաքականություն' ուղղված, մոտավորապես կարելի է ձևակերպել հետևյալ կերպ' Հայաստանն ունի էներգետիկ հզորությունների ավելցուկ' շահագործել դրանք, արտադրել էլեկտրաէներգիա և վաճառել հարևան երկրներին և ստանալ շահ: Ինչքանո՞վ է դա տեղավորվում Հայաստանի էներգետիկ և տնտեսական քաղաքականության շրջանակներում, դա շատ նուրբ հարց է, կարելի է ասել' նույնիսկ հակասում է տնտեսական ինքնուրույն քաղաքականություն իրականացնելու խնդիրներին: Հայաստանը ոչ թե պետք է արտադրի էլեկտրաէներգիա ու վաճառի, այլ պետք է փորձի այդ էլեկտրաէներգիան օգտագործել իր տնետեսության ճյուղերը զարգացնելու համար»,- ասաց նա:
Տնտեսագետը նաև նշեց, որ տիրապետելով այդ ակտիվներին, իրականացնելով որոշակի քաղաքականություն' ռուսական ընկերություններից ոչ ոք շահագրգռված չէ Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման հարցում: Տնտեսագետի կարծիքով' ռուսական ընկերություններին ամբողջությամբ տալով ակտիվները և կաշկանդելով մեր էներգետիկ քաղաքականության իրականացումը' մենք ըստ էության սահմանափակում, գրեթե զրոյացնում ենք նոր էներգաբլոկի կառուցման բոլոր հնարավորությունները:
Հարցին եթե նայենք զուտ տնտեսական ասպեկտով, Աշոտ Եղիազարյանի խոսքով, 20 տոկոսի մեջ մտնում է նաև Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը. որքանո՞վ է համարժեք այդ զիջումը: Հիմնականում այդ զիջումն, ըստ նրա, կապված է սահմանում գազի գնի 30 տոկոս սուբսիդավորման հետ: «Այսինքն' որոշակի ժամանակահատվածի համար իշխանությունները փորձում են գնի բացասական ազդեցությունը տնտեսության վրա մեղմել: Կարճաժամկետ հատվածում մենք ֆինանսական խնդիր ենք լուծում, բայց երկարաժամկետ առումով ի՞նչ է ստացվում' էներգետիկ ակտիվները հանձնել մի ընկերության, որի գործունեության արդյունավետությունը հենց նույն Ռուսաստանում շատ կասկածելի է»,- ասաց տնտեսագետը:
Աշոտ Եղիազարյանը նաև նկատում է, որ համաշխարհային շուկայում երկրները մրցունակ են, առավելություն են ստանում այնքանով, որքանով ունեն արդյունավետ էներգետիկ համակարգ, որքանով կարող են էժան էներգիա ստանալ:
Այս վերլուծությունն անելուց հետո, ըստ տնտեսագետի, պետք է համադրել' որքանո՞վ է համարժեք այս գործարքը, թեկուզ եթե կարճաժամկետ ֆինանսական միջոցներ են հատկացվում Հայաստանին:
Ի դեմս Իրանի, ըստ տնտեսագետի, Հայաստանը գազ մատակարարող շատ ուժեղ այլընտրանք ունի. այսօր Իրանը գազի պաշարներով առաջին երկիրն է:
Տնտեսագետը նաև նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ի՞նչ նորմատիվներով է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջնական սպառողի համար գազի գին հաստատում: «Շատ երկրներում այդ հարաբերակցությունը կազմում է 80/20' 80 տոկոս' գազի գինը, 20'այն գինը, որն ավելացվում է վերջնական սպառողի համար: Մեր մոտ մոտավորապես 50/50 է այդ հարաբերակցությունը»,- ընդգծեց նա:
Ռոզա Հովհաննիսյան