ԳԱԼԱ. Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հունիսի 29-ին նախագահականում հրավիրված քննարկման ընթացքում ցույց տվեց, որ բարձրագույն իշխանությունը միանգամայն ադեկվատ չէ երկրի առաջ ծառացած մարտահրավերների հանդեպ, եւ Սերժ Սարգսյանը' Տիգրան Սարգսյանի հետ հավասարաչափ, պատասխանատվություն է կրում երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի եւ ազգային անվտանգությանը սպառնացող արտագաղթի ահռելի տեմպերի համար:

Նախ' առավել քան տարօրինակ եւ անտրամաբանական է, որ գործող նախագահը քննարկման ընթացքում որեւէ կերպ չի անդրադառնում վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալին: Կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը ուղղակիորեն ենթադրում է, որ առաջին հերթին պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հենց իրենք զերծ լինեն կոռուպցիոն ռիսկերից: Սակայն ներկայումս բյուջեի կառավարումը հանձնված է մի պաշտոնյայի, որի նկատմամբ մամուլում ֆինանսական խարդախությունների եւ փողերի լվացման հատկանիշներով մեղադրանք է ներկայացվում, իսկ սպառիչ մեկնաբանություն դեռ մինչեւ այս պահը տրված չէ: Սա ենթադրում է, որ պետական եւ հասարակական շահ ասվածը գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար չորորդ- հինգերորդական նշանակություն ունի, քանի որ նրա կողմից համառորեն անտեսվում է վարչապետի անվան շուրջ պտտվող օֆշորային սկանդալը: Ավելին, նա ՀՀ գլխավոր դատախազից պահանջում է զբաղվել Վերահսկիչ պալատի ներկայացրած նյութերով, սակայն ոչ մի պահանջ չի հնչում զբաղվելու Տիգրան Սարգսյանի անվան հետ կապվող օֆշորային գործի բացահայտմամբ: Վերոհիշյալ քննարկումը եւս մեկ անգամ ապացուցեց, որ գործող նախագահի համար առաջնային խնդիր է համարվում իշխանական բուրգի նկատմամբ վերահսկելիության ապահովումը, իսկ այդ պարագայում պետական շահը ստորադասվում է նեղ կլանային շահերին:

Ակնհայտ էր, որ Վերահսկիչ պալատի կողմից ԱԺ-ում ներկայացված 2012թ. հաշվետվությունը ուղղակի մեղադրանք էր' ներկայացված կառավարությանն ու նրա ղեկավարին առ այն, որ բյուջեի մեծ մասը «ատկատների» մեխանիզմով մխսվում է: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն գնահատականները, որ բյուջեն «լափում» են «թալանչիները», Տիգրան Սարգսյանին, մեղմ ասած, տհաճ իրավիճակի մեջ դրեցին: Վարչապետը իր քարոզչական հակաարշավով չկարողացավ կասեցնել Հովիկ Աբրահամյանի եւ Իշխան Զաքարյանի գրոհները, եւ ստիպված գործին խառնվեց Սերժ Սարգսյանը:

Այլեւս ակնհայտ դարձավ, որ մինչ այդ Տիգրան Սարգսյանը պաշտպանվում եւ հակահարվածներ էր տալիս գործող նախագահի ուղղակի ցուցումներով, քանի որ պետական եւ իշխանական համակարգի ներսում Տիգրան Սարգսյանի լեգիտիմությունը գրեթե զրոյական է, եւ նա չունի այն թիմն ու ինքնավստահությունը, որը կկարողանա հակադրվել նույն Հովիկ Աբրահամյանին:

Հունիսի 29-ի քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանի մեկնաբանությունները Վերահսկիչ պալատի մասով հաստատեցին այն ենթադրությունը, որ Իշխան Զաքարյանը եւ Հովիկ Աբրահամյանը ի սկզբանե գործել են առանց Բաղրամյան 26-ի հետ իրենց գործողությունները համաձայնեցնելու, ինչը Սերժ Սարգսյանի ստեղծած կառավարման մոդելի պարագայում, նոնսենս է: Ենթադրաբար Հովիկ Աբրահամյանը ինչ-ինչ երաշխիքներ կամ վստահություն է ունեցել, որ «մարսելու» է Սերժ Սարգսյանի «սիրելի» վարչապետի դեմ ուղղված հարձակումը: Գործող նախագահի անձնական շահերի տեսակետից' կենսական անհրաժեշտություն էր իշխանության ներսում տեղի ունեցող «պատերազմը» վարչապետ Տիգրան Սարգսյանի օգտին լուծելը: Եվ այդ լուծումը նա տվեց բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ հրավիրած քննարկման ընթացքում: Փաստացի Սերժ Սարգսյանը շատ հստակ հասկացրեց, որ վերահսկիչ պալատն ու ՀՀ գլխավոր դատախազությունը պետք է առաջնորդվեն ոչ թե ՀՀ օրենքներով ու Սահմանադրությամբ, այլ իր անձնական ցուցումներով: Այլապես հարկ չէր լինի երկար տարիներ այդ գերատեսչությունները ղեկավարող մարդկանց բացատրելու, թե ով ինչպես է աշխատելու եւ ինչ գործառույթներ է նրանց վերագրված:

Պատժի կարգով Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված քննարկմանը Հովիկ Աբրահամյանի բացակայությունը եւ ենթատեքստով նրա նկատմամբ հնչեցրած մեղադրանքները այսօր արդեն իրենց արդյունքները տվեցին: Աժ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավանաբար վերեւից իջեցված «ինստրուկցիաների» սահմաններում Հովիկ Աբրահամյանը փորձել է համոզել, թե իշխանության ներսում թեւեր եւ հակամարտություն գոյություն չունի, իսկ «օֆշորային սկանդալին» ընդհանրապես չի հավատում:

Սերժ Սարգսյանին այս փուլում հաջողվեց պահպանել իշխանության մոնոլիտությունը, սակայն նախադեպը խիստ վտանգավոր է Սերժ Սարգսյանի միահեծան իշխանության համար:

Դերենիկ Մալխասյան