Lragir.am. Եթե կարճ պատասխանենք՝ ուզում են, այն էլ ամենուր: Ռուս քաղաքական գործիչները երկար են մտածել եւ եկել եզրահանգման, որ պետք չէ պատերազմից վախենալ, եթե կռվում է ուրիշը:
Լիբիայի պատերազմը ցույց տվեց, որ մի կողմ քաշվելով, ցանկացած տերություն կարող է երկար ժամանակով հայտնվել միջազգային քաղաքականության աութսայդերի վիճակում: Սիրիայի պատերազմը շանս տվեց Ռուսաստանին, բայց ոչ թե Մերձավոր Արեւելք վերադառնալու (դա, միեւնույն է, չի հաջողվի), այլ՝ համաշխարհային քաղաքականության մեջ որպես կարեւոր սուբյեկտ հանդես գալու իմաստով:
Հասկանում են ռուսները, թե ոչ, սակայն նրանց «հաջողությունը» Սիրիայում պայմանավորված է տարածաշրջանային այս խաղին Ռուսաստանի մասնակցության մեջ ամերիկացիների ու եվրոպացիների մեծ շահագրգռվածությամբ, երբ Ռուսաստանը խաղում է Սիրիայի «պաշտպանի» դերն այն դեպքում, երբ Արեւմտյան հանրությունը կտրուկ դեմ է ռազմական ներխուժմանն այդ երկիր:
Իրավիճակը քիչ ինչ առեղծվածային է, սակայն հաճախ պատահող, մասնավորապես տարածաշրջանային քաղաքականությունում: Սակայն, այսպես թե այնպես, պատերազմը Սիրիայում բավական ցանկալի է եւ լիովին ռիսկերից զուրկ Ռուսաստանի համար:
Ի դեպ, Սիրիայում ակտիվության հարցում Ռուսաստանն ուներ ավելի կարեւոր խաղադրույք, քան Սիրիան՝ Իրանի հետ հաշտությունը: Կարելի է արդեն պնդել, որ հենց Իրանի հարցում ռուսական քաղաքականությունը կրեց ամենալուրջ պարտությունը: Ռուսաստանի կողմից Սիրիայի «պաշտպանությունը» տպավորություն չգործեց իրանցիների վրա, որոնք արդեն չունեն ռուսական տեխնոլոգիաների կարիքը, ինչպես 10 կամ 20 տարի առաջ: Իրանն ունի այլ գործընկերներ, իսկ նրա գլխավոր գործընկերը ապագայում ԱՄՆ-ն է:
Սակայն, ներկայում խոսքը ոչ թե Սիրիայի, այլ Հարավային Կովկասի մասին է: Հարավային Կովկասում տեղի ունեցող շատ բան, այդ թվում ռուսական զենքի մատակարարումները տարածաշրջանի երկրներին, կարելի է բացատրել, եթե ընդունենք այն վարկածը, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նոր պատերազմով:
Եթե նախկինում Ռուսաստանի նման շահագրգռվածության բացակայության գլխավոր գործոնը ՆԱՏՕ-ի զորքի հնարավոր մուտքն էր տարածաշրջան, ապա Լիբիայի եւ Սիրիայի օրինակներով ցույց տրվեց, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված չէ նման գործողություններով, իսկ դաշինքի առանձին անդամ-երկրները չեն դիմի դրան, առանց ՆԱՏՕ-ի պաշտոնական որոշման:
Ի դեպ, ինչպես Սիրիայի դեպքում, ՆԱՏՕ-ն սահմանափակելու է սեփական գործողությունները, այդ թվում՝ այդ գործողությանը Թուրքիայի մասնակցության անցանկալիության պատճառով: Նման հաշվարկներն առկա են նաեւ Հարավային Կովկասում հնարավոր գործողությունների վերաբերյալ ՆԱՏՕ-ի քննարկումներում:
Ի՞նչ կտա Ռուսաստանին պատերազմը Հարավային Կովկասում: Նախեւառաջ, դա տարածաշրջանի պետությունների համար լուրջ խոչընդոտ կդառնա ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում: Ըստ ամենայնի՝ կա որոշակի էներգակոմունիկացիոն նախագծերի տապալման հույս:
Հնարավոր է՝ Ռուսաստանն ունի այդ պատերազմի ժամանակային եւ ծավալային սահմանափակ ձեւաչափի հույս, սակայն դա առավել քան կասկածելի է: Կասկածելի է նաեւ այն, որ ՆԱՏՕ-ն չի մտնի տարածաշրջան. չէ՞ որ Հարավային Կովկասը Սիրիա չէ, այլ՝ միջազգային քաղաքական տարածության լիովին այլ կլաստեր: ԱՄՆ եւ Եվրոպան Հարավային Կովկասը երբեք չեն դիտարկել որպես Մերձավոր Արեւելքի մաս, եւ վերջին միտումները հաստատում են այս տարածաշրջանի վերաբերյալ Արեւմուտքի մտադրությունները:
Ռուսաստանը ներկայում չունի ոչ մի խնդիր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմ հրահրելու մասով: Իլհամ Ալիեւի շրջապատը սեփական քաղաքական ու տնտեսական դիրքերի փրկությունը տեսնում է նոր պատերազմի մեջ:
Հնարավոր է, տվյալ պատերազմի կապակցությամբ կան պայմանավորվածություններ Ռուսաստանի ու Թուրքիայի միջեւ, Իսրայելի որոշակի շահագրգռության պայմաններում, որը դեռեւս հույս ունի, որ այդ պատերազմը կշոշափի նաեւ Իրանը:
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան մոբիլիզացրել է խղճուկ «քաղաքագետներին», որոնք հասկանում են, որ երեւանյան «տռասին» նրանց ոչ ոք չի վերցնի, բացի ռուսներից, որոնք նրանց կլքեն նույն այդ «տռասին»: Սակայն ռուսներին վաղուց չի հետաքրքրում հասարակական կարծիքը Հայաստանում:
Համարվում է, որ պատերազմի սկիզբը ոչ մի կերպ կապված չի՞ լինի Հայաստանի ցանկության հետ:
Իգոր Մուրադյան