ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն անդրադարձել է գնումների ոլորտի հետ կապված Վերահսկիչ պալատի դիտարկումներին:
Նշելով, որ գնումների ոլորտում առկա են մի շարք խնդիրներ, և դրանց լուծման ուղղությամբ ֆինանսների նախարարությունն իրականացնում է շարունակական աշխատանքներ, Դավիթ Սարգսյանն ընդգծել է. «Կա միջոցառումների ծրագիր, որի հիման վրա փոփոխություններ պետք է իրականացնենք մեր կանոնակարգման դաշտում, որպեսզի գնումների ոլորտում ապահովենք թափանցիկություն, հավասար վերաբերմունք գնումների մասնակիցներին և մատակարարներին: Արդյունքում պետք է ապահովենք ավելի օպտիմալ գնումների իրականացում' ավելի ցածր գներ և ավելի որակյալ ապրանքներ»: Նախարարը տեղեկացրել է, որ վերջին 8-9 ամսվա ընթացքում այդ ուղղությամբ կատարվել են մի շարք աշխատանքներ. գնումների գործընթացում օգտագործվող հայտարարությունների և պայմանագրերի օրինակելի ձևերի հաստատում' դաշտի կանոնակարգման և ռիսկերի նվազեցման նպատակով, ՀՀ ֆինանսների նախարարության gnumner.am կայքում 2012 թ. գնումների տարեկան հաշվետվության հրապարակում, գնումների փաստացի պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվական միասնական բազայի ձևավորում, ինչը հնարավորություն կտա վիճակագրական վերլուծություններ և ընտրանքային կարգով պայմանագրերի մոնիթորինգ իրականացնել, ինչպես նաև գնումների գործընթացի նախնական' հայտարարության հրապարակման փուլում մոնիթորինգի իրականացում: Նախարարի խոսքով' վերոհիշյալ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ առաջիկայում նախարարությունը հանդես կգա մամուլի ասուլիսով:
Դավիթ Սարգսյանը նշել է, որ կառավարության որոշմամբ քայլեր են ձեռնարկվել գնումների ոլորտում բողոքարկման խորհուրդների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով: Աշխատանքներ են տարվում նաև էլեկտրոնային գնումների համակարգի լիարժեք գործարկման ուղղությամբ: