Lragir.am. «Իմ մեջ խորը հետք է թողել պատերազմը: 5-6 տարեկան էի, երբ զգացի մաշկիս վրա, թե դա ինչ է, այդ օրերը մինչև հիմա թարմ են հիշողությանս մեջ: Ու հիմա, որ տեսնում եմ, թե ինչեր են անում Լիցկաները' վախի մթնոլորտ տարածելով, եւ Խաչիկի նմաններն իրենց անիմաստ ճառերով, սրտիցս արյուն է կաթում»:
27-ամյա Գոհար Գրիգորյանը Կապանից 10 տարի առաջ եկել է Երեւան' կրթություն ստանալու, որից հետո մնացել է Երեւանում' աշխատելու: Նա այժմ աշխատում է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնում որպես հանրային կապերի մասնագետ: Ասում է, որ հենց այս գործն է ընտրել, որ բարձրաձայնի տեղի ունեցող ապօրինությունների, կեղծիքների մասին եւ շատ ուրախ է, որ աշխատում է այնտեղ, որտեղ իր արտահայտած կարծիքի համար իրեն չեն ճնշում, սպառնում աշխատանքից հեռացնել, ինչպես պետական կառույցներում է, ինչպես Սյունիքի մարզում է:
«Սյունիքում կան ակտիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ, բայց վախենում են բարձրաձայնել տիրող ապօրինությունների մասին»,- պատմում է նա:
Ընդհանրապես, Սյունիքի երիտասարդի կերպարը մի տեսակ հետ է մղվել, քանի որ համընդհանուր լռության մեջ հնչում է Խաչիկ Ասրյանի ձայնը, եւ շատերի մոտ պատկերացում է ստեղծվում, որ Սյունիքի երիտասարդի կերպարն այժմ Հիտլերի արտաքինով ու շարժուձեւով երիտասարդի կերպարն է:
Սյունիքում ապրող երիտասարդների մի մասը կարծում է, որ Ասրյանն իրոք հայրենասեր է եղել ժամանակին, բայց ներկայիս նրա պահվածքը ավելի շատ քծնանքի է նմանվել, որտեղ դժվար է արդեն գտնել հայրենասիրություն:
19-ամյա Համլետ Հախյանը, ով սովորում է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետում, ասում է, որ Սյունիքի երիտասարդի կերպարը ոչ մի կերպ չի կարելի համեմատել Ասրյանի հետ: Նա կարծում է, որ այսօրվա Սյունիքի երիտասարդները կամ պայքարում են Սյունիքում մնալու եւ իրենց հայրենի հողը զարգացնելու համար, կամ էլ երազում են պարզապես հեռանալ երկրից:
«Ես ինքս միայն այստեղ եմ իմ ապագան տեսնում: Առաջին իսկ հնարավորության դեպքում վերադառնալու եմ Կապան, ուրիշ տեղ չեմ կարող ապրել: Իսկ Ասրյանի «Սյունյաց արծիվներ», հետգայում արդեն «Հայոց Արծիվեր» կազմակերպությունը, իմ կարծիքով, ստեղծվել է մարդ հավաքելու համար: Այն կազմակերպությունները, որոնք շատ մարդ են ունենում, արդեն գրավում են իշխանությունների ուշադրությունը»,- կարծում է Հախյանը:
Շուշան Օհանյանն արդեն երեք տարի աշխատում է Գորիսի մամուլի ակումբում' որպես համակարգող: Նրա համար Սյունիքի մարզում առաջնահերթ է աշխատանքի, զբաղվածության խնդիրը:
«Շատ դժվար է գտնել աշխատանք քո' արդեն իսկ ստացած մասնագիտությամբ. ամեն տեղ փորձ են պահանջում, իսկ որտեղի՞ց այդ փորձը: Նաև կրթության մեթոդների մեջ եմ խնդիր տեսնում, պետք է կարողանալ պրակտիկ մասնագետներ կրթել: Մշակութային կյանքն է շատ «աղքատիկ» մարզերում, իսկ ճիշտ մատուցման դեպքում այն հզոր դաստիարակչական միջոց է»,- ասում է նա:
Նրա համար ամենացավոտ խնդիրներից մեկը Գորիսում ժամանցի վայրերի պակասն է երիտասարդների համար: 

Կարինե Իոնեսյան