«Վերջին ելույթի ընթացքում գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ըստ էության, ցուցումներ տվեց դատախազությանը, ինչ քանակով են հարուցվել քրգործեր՝ կանխատեսելով քննության արդյունքերը, երկրորդ'բացահայտ ճնշում ցուցաբերեց ՎՊ-ի վրա: Այդ ինստիտուտը հավասարեցրեցին հողի հետ, և այդ հավասարեցնողը ոչ այլ ոք է, քան Սերժ Սարգսյանը: Դասական օրինակ է նախագահին իմպիչմենտի ենթարկելու համար: Սերժ Սարգսյանի գործողությունները հիմք են ստեղծում նրան իմպիչմենտի ենթարկելու համար»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Վերջինիս խոսքով՝ իրականում Հայաստանի բյուջեն թալանելու չափի պատասխանը ՎՊ-ն տվել է 2008 թվականին, որևէ նոր բան չկա, ավելին' ասեմ, որ նախորդ հաշվետվությունները շատ ավելի աղաղակող էին: 2008 թվականի հաշվետվություններից մեկը պատասխան է տալիս, թե ինչքան են գողանում բյուջեից: 2008 թվականի ՎՊ-ի բացահայտումներով՝ Հայաստանի բյուջեից գողացվել է կես միլիարդ դոլար»,-ասում է Զուրաբյանը և հարց բարձրացնում՝ եթե այդ փաստերը եղել են անցյալում այդքան աղաղակող, ինչո՞ւ են հիմա շփոթված։ Ճգնաժամային մթնոլորտ է ստեղծվել:

Զուրաբյանը գիտի այդ հարցի պատասխանը, քանի որ այսօր վերջապես ԱԺ-ում կա ընդդիմություն, որը այս հարցերը հնչեցնում է ԱԺ ամբիոնից: Ավելին'իշխանությունը չդիմացավ ընդդիմության հետ առերեսմանը: