Lragir.am-ը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը երեկ հակադարձել է Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուին, ով Հայաստանի խորհրդարանում Հայաստանը «ագրեսոր» երկիր է անվանել: Երբ մոդովացի փաստաբանը հայտարարել է, թե «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», Հերմինե Նաղդալյանն արտահերթ ելույթի ձայն է խնդրել ու մի լավ «շշպռել» նրան:
Ուշագրավ է, որ այս ելույթները հնչել են Ազգային ժողովում ընթացող համաեվրոպական խորհրդաժողովի շրջանակներում, որի առանցքում են մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հարցերը: Գովելի է, երբ Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը այդկերպ արագ է արձագանքում Հայաստանին զրպարտող ցանկացած հայտարարության, սակայն լավ կլիներ նաև, եթե Հերմինե Նաղդալյանը նույն ջանասիրությամբ աշխատանք տաներ երկրի ներսում խնդիրների լուծման ուղղությամբ' թույլ չտալով մարդկանց իրավունքների ոտնահարում:
Մասնավորապես, մի խուբ մարդկանց իրավունքներ Հայաստանում խախտվել են հենց Հերմինե Նաղդալյանի և նրա ամուսնու' Արտաշատի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Դավիթ Բեգլարյանի գործունեության արդյունքում:
Նաղդալյանն ու իր ամուսինը շարունակում են տնօրինել Երևանի Գևորգ Չաուշի 14/3 հասցեի նորակայույց շենքի իրական բնակիչների տներից 8-ը: Ավելի քան մեկ տարի է' բնակիչների հայցն' ընդդեմ Նաղդալյանի ու նրա ամուսնու, քննվում է դատարանում:
Հիշեցնենք, որ Գևորգ Չաուշի 14/3 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով Նորաշեն-2007 սպառողական կոոպերատիվի ղեկավարությունը դեռևս 2007 թվականին գումարներ էր հավաքել շենքում բնակարան գնելու ցանկություն ունեցող անձանցից: Սակայն կանգնելով ֆինանսական խնդիրների առաջ' կառուցապատող ընկերության ղեկավարներ Լուսաբեկ Սամվելյանն ու Արմեն Թադևոսյանը սկսել էին կիսակառույց բնակարանները գրավ դնելով տոկոսով գումարներ վերցնել տարբեր անձանցից' շենքի շինաշխատանքներն ավարտին հասցնելու համար:
Բնակարաններից 24-ը գրավ էր դրվել «Էսկո Կոնցեռնի» նախագահ Սարգիս Աղաբեկյանի մոտ, ով ձերբակալվել էր վաշխառության մեղադրանքով, 14-ը՝ Հերմինե Նաղդալյանի ու նրա ամուսնու, իսկ մնացածը՝ տարբեր անձանց մոտ: Բնակիչների բարձրացրած աղմուկի արդյունքում Նաղդալյանն ու ամուսինը բնակարանների մի մասը վերադարձրել են իրական տերերին, սակայն 8 բնակարան շարունակում է գտնվել նրանց մոտ:
Խաբված բնակիչները Հայաստանում շատ են, եւ նրանց մի մասը երեկ ցույց էր անում ՀՀԿ շենքի մոտ, որտեղ իշխող կուսակցությունը քննարկում էր «բյուջեն լափելու» հարցը, իսկ ավելի ճիշտ՝ այդ հարցը կոծկելու հարցը: