Հայաստանը հուլիսի 7-ից ռուսական գազի 1 խորանարդ մետրի 180 դոլարի դիմաց ստիպված կլինի վճարել 270 դոլար։ Թե ինչպես դա կանդրադառնա երկու պետությունների հարաբերությունների վրա՝ պարզել է գերմանական Deutsche Welle-ն (մեդիաընկերություն, որը հիմնադրվել է 1953թ.-ին)։ AԱյս մասին գրում է Tert.am-ը՝ հղում կատարելով գերմանական հեռուստաընկերությանը:

Գազի 1 խորանարդ մետրի և էլեկտրաէներգիայի 1 կիլովատ/ժամի գները հայ սպառողների համար կավելանան համապատասխանաբար՝ 18 և 26%-ով։ Թվերը փոքր են երևում, սակայն հայաստանյան միջին կենսաթոշակի (մոտ 50 եվրո) և նվազագույն աշխատավարձի դեպքում (90 եվրոյից պակաս) ամսական վճարումների համար կարող են չբավականացնել։

Խիստ խնայողության ռեժիմին ստիպված կլինեն անցնել ոչ միայն շարքային սպառողները, այլև ձեռնարկությունները։

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Դաշնակցություն» խմբակցությունից պատգամավոր Աղվան Վարդանյանը DW-ին հայտնել է, որ եթե ՀՀ կառավարությունը գազի սակագների զսպման դիմաց Ռուսաստանին փոխանցի «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի իր 20%-ը, ապա Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքի զգալի մասն ամբողջությամբ կտրվի Ռուսաստանին։

«Ռուսները պայմաններ կթելադրեն, և դա լուրջ խնդիր է Հայաստանի անկախության, գերակայության և անվտանգության համար»,- ասել է Աղվան Վարդանյանը։

Սոցիոլոգ Գևորգ Պողոսյանն էլ նշել է, որ «մարդիկ, իհարկե, բարկանում են»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, լինելով Հայաստանի ռազմավարական դաշնակիցը (որն արդեն 20 տարի գտնվում է շրջափակման մեջ), կարող էր և չբարձրացնել գազի սակագինը, քանի դեռ երկիրը դուրս չի եկել շրջափակումից։

Հայաստանի Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը կարծում է, որ հայերի համբերությունը սահման չունի։ Դա պայմանավորված է հիմնակում ռուսական կողմի խոստումներով, որոնք վերաբերում են «փոքր, բնական պաշարներով ոչ հարուստ Հայաստանն արտաքին ագրեսիայից պաշտպանելուն»։

DW-ի զրուցակիցների կարծիքով՝ հայերին միանշանակ դուր չի գա, եթե Ռուսաստանը հետևողականորեն զինի Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ, նրանք չեն բացառում, որ Մոսկվայի վերջին քայլերը կարող են ազդանշան լինել Հայաստանի համար, որը փորձում է սերտ հարաբերություններ պահպանել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Բրյուսելի հետ։

Հայաստանում իրականում հավատում են, որ ռազմական հակամարտության դեպքում ռուսական զորքերը կանեն հնարավորը երկիրը պաշտպանելու համար։ Սակայն այդ կերպ երկիրն ավելի «կապված» է դառնում Ռուսաստանին, նշում է Deutsche Welle-ն։