«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը պաշտոնական բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Ավան-Առինջ թաղամասի 3/17 հասցեի կապակցությամբ, որում մասնավորապես ասված է.
«6 հուլիսի 2013թ.,
Տարոն Մարգարյանին
Երեւանի քաղաքապետ
Երեւան, Հայաստանի Հանրապետություն
Պարոն Մարգարյան,
Այսօր Ավան վարչական շրջանի մի խումբ բնակիչներից ահազանգ է ստացվել Ավան-Առինջ թաղամասի հ. 3/17 հասցեի կապակցությամբ այն մասին, որ 3/1 և 3/2 շենքերի միջեւ ընկած կանաչապատ տարածքում վաղ առավոտից ծանր տեխնիկայով հողային աշխատանքներ են իրականացվում՝ կտրելով եւ արմատախիլ անելով ծառերը եւ թփերը: Բնակիչների վկայությամբ՝ մասնավորապես հատվել է 4 ծառ, ոչնչացվել է տարածքի՝ մոշենու խիտ թփերով ու յասամանի ծառերով բնական ցանկապատը, վնասվել է 30-ամյա ընկուզենին:
Տարածքի սեփականատերերի կողմից ուշացումով բնակիչներին տրամադրված փաստաթղթերից ակնհայտ է, որ դրա փաստացի տերը Կարապետ Ղազարյանն է, ով հանդիսանում է Ձեր ազգական Մհեր Պետրոսյանի աները (այդ տեղեկությունը տրամադրվել է բնակիչների կողմից): Փաստաթղթերից նաեւ երեւում է, որ նախկինում հիշյալ հողակտորում միառժամանակ խանութ, ապա՝ վարսավիրանոց, իսկ ընտրությունների ժամանակ՝ ՀՀԿ ընտրական շտաբ ծառայած շինությունը 27.08.2012թ. ձեռք է բերվել առուվաճառքի պայմանագրով: Դրանից հետո ձեր կողմից 2012 թվականի հոկտեմբերի 12-ին կատարվել է շինության հետնամասում գտնվող կանաչ տարածքի հողահատկացում:
Ընդհանուր առմամբ՝ տարածքի սեփականության վկայականի գրանցման համար հիմք են հանդիսացել Երեւանի քաղաքապետի 12.10.2012 թ. թիվ 6834-Ա, 03.12.2012թ. թիվ 7661-Ա որոշումները, հողամասի 3818-2012 գլխավոր հատակագիծը, հողամասի ուղղակի վաճառքի մասին 28.12.2012թ թիվ 7430 պայմանագիրը: Կառուցապատողն իր ներկայիս գործողությունները (նախ ձեռքբերված շինության քանդում, ապա ողջ տարածքում հողային աշխատանքների իրականացում) հիմնավորում է Երեւանի քաղաքապետարանի կողմից 23.01.2013թ. հաստատված N01/18-07/1-Ղ-55248 ճարտարապետահատակագծային առաջադրանքով:
Ամենեւին չվիճարկելով Ձեր հարազատների՝ սեփականություն ունենալու կամ կառուցապատում իրականացնելու իրավունքը, այդուհանդերձ, հարցեր են ծագում այդ կանաչ գոտու հողահատկացման ու կառուցապատման օրինականության շուրջ:
Մասնավորապես, խնդրում եմ
1. տրամադրել այդ տարածքի սեփականության իրավունքի գրանցման համար հիմք հանդիսացած բոլոր փաստաթղթերի պատճենները, մասնավորապես՝ Ձեր կողմից ստորագրված 12.10.2012թ. թիվ 6834-Ա, 03.12.2012թ. թիվ 7661-Ա որոշումների, հողամասի 3818-2012 գլխավոր հատակագծի, հողամասի ուղղակի վաճառքի մասին 28.12.2012թ թիվ 7430 պայմանագրի, 23.01.2013թ. N01/18-07/1-Ղ-55248 ճարտարապետահատակագծային առաջադրանքի պատճենները:
2. Ի՞նչ հիմնավորումներով է թույլատրվել կառուցապատում իրականացնել ավելի մեծ տարածքում, ըստ որում՝ կանաչ գոտու հաշվին եւ ավելի մեծ մասշտաբով, քան նախկին շինության տարածքն է եղել: Ավելորդ է հիշեցնել, որ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ Դուք եւ ձեր կուսակցությունը խոստանում էիք ավելացնել մայրաքաղաքի կանաչ տարածքների մակերեսը, որը մեկ շնչի հաշվով ներկայումս հեռու է բավարար լինելուց (շուրջ 6 քառ. մետր՝ նորմատիվային 20 քառ. մետրի փոխարեն), մինչդեռ նման գործողությունները ճիշտ հակառակի մասին են վկայում:
3. Որքանո՞վ է արդարացված կանաչ տարածքի հաշվին մասնավոր բիզնես շահի սպասարկումը քաղաքապետարանի կողմից, քանի որ կանաչապատ տարածքը նախկինում ծառայել է հարակից շենքերի բնակիչների հանգստին ու առողջությանը, իսկ այժմ ծառայելու է Ձեր ազգականի մասնավոր բիզնես շահերին: Վերջիններս նախ հայտարարել են, թե այդ վայրում 5 մետր բարձրությամբ խանութ են սարքելու եւ շահագործելու, իսկ հետո հայտարարել են, թե տարածքը վարձակալությամբ տրամադրելու են ինչ-որ բանկի:
4. Խնդրում ենք հայտնել, թե ո՞ր լիցենզավորված կազմակերպությունն է իրականացնում քանդման եւ շինարարության աշխատանքները, ինչո՞ւ նա տարածքում չի փակցրել կառուցվող շենքի հաստատված նախագիծը, ինչպես պահանջվում է օրենքով, եւ ընդհանրապես, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ սեփականատերը վստահ չէ, թե ի՞նչ է կառուցում: Այս առումով խնդրում եմ հայտնել, թե հաստատված Ճարտարապետահատակագծային առաջադրանքում ինչ է նշված կառույցի եւ ողջ տարածքի ֆունկցիոնալ նշանակության համար:
5. Արդյո՞ք կառուցապատողն ունեցել է կանաչ ծառեր կտրելու թույլտվություն, եթե այո, ապա՝ ե՞րբ է այն տրամադրվել, ի՞նչ հիմնավորումներով:
Առաջարկում եմ հիշյալ հասցեում կասեցնել քանդման եւ հողային աշխատանքները, մինչեւ վերոնշյալ հարցերի՝ հանրությանը տակավին անհայտ պատասխաններն ստանալը:
Սույն պաշտոնական նամակը հրապարակվում է բաց նամակի տեսքով՝ սոցիալական ցանցերում (որտեղ դուք պաշտոնական էջ ունեք) ու էլեկտրոնային լրատվամիջոցներով միայն այն պատճառով, որ Հանրապետությունում տոնական եւ հանգստյան օրեր են, պետական հաստատությունները չեն գործում, մինչդեռ հիշյալ հասցեում արագ եւ անհապաղ միջամտությունն անհրաժեշտ է:
Ըստ այդմ, խնդրում եմ սույն նամակը դիտարկել իբրեւ Երեւանի ավագանու անդամի պաշտոնական գրություն եւ դրան ընթացք տալ օրենքով սահմանված կարգով»: