Երևանի Ազնավուրի անվան հրապարակում քիչ առաջ տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ հոբելյանական կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի բացմանը նախորդեց Շառլ Ազնավուրի «Աստղի» բացումը՝ իր իսկ անվան հրապարակում: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում նշեց, որ մեծ շանսոնյեին մի աստղ էլ փայլատակում է երկնքում:

«Ոսկե ծիրանի» շրջանակներում Հայաստան եկած «Արարատ» ֆլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանն էլ իր խոսքում նշեց, որ Շառլ Ազնավուրն ամենահայտնի հայն է աշխարհում: «Եթե մեզ հարցնում են, թե հայերը ի՞նչ են տվել աշխարհին՝ ասում ենք՝ «Ազնավուր», և այդ մի բառը հերիք է»,-ասաց Ատոմ Եգոյանը:

Ինքը՝ շանսոնյեն շատ լակոնիկ արտահայտվեց՝ ակնարկելով իր տարիքն ու կարճահասակ լինելը: «Ասում են բոլորը, որ տարիքս է մեծանում, բայց բոյս չի մեծանում»,-ասաց Շառլ Ազնավուրը:

«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացմանը ներկա էր գրեթե ողջ հայկական կինո-բոմոնդը՝ դերասաններ, կինոռեժիսորներ, թատերական գործիչներ ու կինոքննադատներ, նաև՝ տարբեր պաշտոնյաներ: Ներկա էր նաև շախմատի օլիմպիական չեմպիոն, աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանը:

Ի դեպ, հայ դերասանուհիներից մի քանիսը դեպի Շառլ Ազնավուրի աստղը տանող կարմիր գորգի վրայով քայլում էին տարբեր հեղինակավոր կինոփառատոններում ընդունված՝ շքեղ երեկոյան զգեստներով:

Tert.am-ի հետ զրույցում կինոռեժիոսոր, դերասան Միքայել Պողոսյանը, գնահատելով «Ոսկե ծիրանի» դերն անցած տասը տարիների ընթացքում, նշեց, որ «Ոսկե ծիրանը», հիրավի երևանցիների ու Երևանի «հրաշքներից» մեկն է:

Պետական ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Երջանիկ եմ, որ Հայաստանում անցկացվում է «Ոսկե ծիրանի» նման կինոփառատոն: Ես հույս ունեմ, որ այս անգամ ևս մենք կդիտենք լավ ֆիլմեր, և կինոփառատոնը կդառնա նույնքան հեղինակավոր, որքան մյուս ամենահայտնի կինոփառատոնները: Իմ շատ ընկերներ գալիս են այտեղ՝ Հայաստան, ոչ միայն մասնակցելու, այլև լավ կինո դիտելու համար»:

Միջոցառմանը ներկա ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ բնակվող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության հարցերով գործակալության («Ռոսսոտրունդնիչեստվո») հայաստանյան ներկայացուցիչ Վիկտոր Կրիվոպուսոկովը ևս հայտնեց. «Կարող եմ ասել, որ առաջին «Ոսկե ծիրաններից» սկսած տարեց տարի ավելացել է ռուս կինոմատոգրաֆիստների մասնակցությունը: Մենք նկատում ենք, որ տարեց տարի ավելանում է պարզապես հյուրերի թիվը: Գալիս են, մասնակցում են կինափառատոնին, դրան հետևող մի ցանկությամբ՝ հաջորդ տարի ներկայանալ սեփական աշխատանքով»:

Փառատոնը կշարունակվի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Շառլ Ազնավուրի մասնակցությամբ «Կրակել դաշակահարի» վրա ֆիլմի ցուցադրությամբ:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում փառատոնի բացման շրջանակներում Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընթերցեց Սերժ Սարգսյանի ուղերձը: Դրանում նշվում էր, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը մեր դիրքը համաշխարհային կինոասպարեզում ամրապնդելու միջոց է:

Քանի որ այս տարի լրանում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը, այն մասնակիորեն նշվում է «Ոսկե ծիրանի» շրջանակներում ևս, և այս կապակցությամբ մի հատված ցուցադրվեց «Սպարտակ» բալետից:

Բացման հանդիսավոր արարողությունը եզրափակվեց Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգով երգով: