1 մետր 23 սմ հասակ և 40 կգ քաշ ունեցող Գոռ Մարգարյանն ընտանիքում միակ կարճահասակն է և ասում է, որ այդ պատճառով մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում է:
«Ապրում եմ պապայիս ու եղբորս հետ, մայրիկս Ռուսաստանում է: Ես իմ կարճ հասակով քեռուս եմ քաշել, մեկ էլ ինքն է ինձ նման կարճահասակ: Իսկ հայրս, մայրս ու եղբայրս բարձրահասակ են»,- ասում է Գոռը:
Պատմում է, որ օրը սկսում է հարևանուհիների հետ սուրճ խմելով, զվարճալի պատմություններ, անեկդոտներ պատմելով: Այնուհետև իջնում է բակ, մի փոքր զրույցի բռնվում բակի երեխաների հետ ու ժամը 11-ին հասնում աշխատավայր:
28-ամյա Գոռը աշխատում է Երևանի մանկական ժամանցի կենտրոններից մեկում՝ որպես դռնապան: Արդեն 9 տարի է, ինչ աշխատում է սպասարկման ոլորտում՝ տարբեր ռեստորաններում ու սրճարաններում:
«Շատ ռեստորաններում եմ աշխատել, հիմնականում' դռնապան: Նույնիսկ «Լիմուզին սերվիսում» եմ աշխատել, որ հարսանիքներ էին լինում' բարմեն, մատուցող էի աշխատում, սպասարկում: Մի քանի անգամ նկարահանվել եմ նաև ֆիլմերում, թաքնված տեսախցիկներում»,- ասում է Գոռը:
Արագաշարժ, կենսախինդ ու զվարթ փոքրիկ մարդն ունի իր աշխարհը, իր ուրախություններն ու հոգսերը:
«Հասակիս պատճառով մարդիկ նայում են, զարմանում, բայց դա հեչ, ինձ շատ է դուր գալիս, որ ուշադրության կենտրոնում եմ լինում: Մարդկանց արձագանքները հիմնականում շատ լավ են»,- ասում է նա:
Նա մեծ մասամբ հանրային տրանսպորտից օգտվելիս է դժվարություններ ունենում, իսկ երբեմն էլ' զվարճալի պատմությունների մեջ ընկնում:
«Լինում է' դուռը ներսից են բացում, կամ խնդրում եմ կողքիս կանգնած մարդկանց' բացում են: Օրինակ՝ շատ է եղել տրանսպորտի մեջ, որ նստած եմ եղել, ու կողքիս աղջիկ է նստել, միամիտ տեսել ա, որ ոտքերս կարճ են ու, դե, չեն կպնում գետնին, ահավոր շատ զարմացել ա»,- ծիծաղելով պատմում է Գոռը:
Ավելին կարդալ այստեղ: