Lragir.am. Արտակ Բուդաղյանին մեղադրանք է ներկայացվել առ այն, որ նա, իմանալով, որ իր եղբորը ծեծել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայում, գնացել է նրա տան վրա եւ սպառնացել նրան ու նրա ընտանիքին: Բուդաղյանը չի ընդունում այդ մեղադրանքը:
Սուրիկ Խաչատրյանի տան մոտ Ավետիք Բուդաղյանի սպանության հետաքննությունը սկսում է առանցքային նշանակություն ստանալ: Այն կամ կդառնա արդարադատության հաղթանակը, որը կկոտրի Հայաստանում անգաժավորված դատարանի արատավոր պրակտիկան, կամ կթաղի մեր կյանքում տրասֆորմացիաների հույսը:
Հետաքննությունն աննախադեպ հրապարակային է դարձել: Նախ հրապարակվեց տեսանյութ, թե ինչպես են Բուդաղյանները «զինված հարձակում» գործում նախկին մարզպետի տան վրա, իսկ Լիսկայի որդի Տիգրանը կրակում է ինքնապաշտպանության դիմելով: Հետո այլ մանրամասներ հայտնվեցին, արդեն Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի կողմից, ով ասել է, որ իսկական տեսանյութում երեւում է, թե ինչպես են կրակում իր պաշտպանյալների թիկունքից, եւ որ գործողությունը տեղի է ունենում ոչ թե Խաչատրյանի տան բակում, այլ փողոցում, այսինքն՝ խոսքը հարձակման մասին չէ:
Ընդ որում, գործնականում բոլորը վստահ են, որ գործը քննվելու է ոչ թե իրավական, այլ քաղաքական, ավելի ճիշտ՝ կրիմինալ կտրվածքով: Տեսակետ կա, որ իշխանությունը փորձում է ամեն կերպ պատասխանատվությունից ազատել Սուրիկ Խաչատրյանին, թեեւ նրա որդուն ձերբակալել են եւ սպանության մեղադրանք առաջադրել: Կային քննարկումներ ցանցերում, որ կրակել է անձամբ Սուրիկ Խաչատրյանը, եւ հիմա ամեն ինչ արվելու է, որ այդ փաստը չհաստատվի:
Այս գործը հատկանշական է նրանով, որ երկու կողմերը մոտ են իշխանությանը եւ հավասար «քաշային կարգում» են: Հույս կար, որ այս պարագայում զուտ իրավական որոշում կկայացվեր: Սակայն, ըստ ամենայնի, որոշվել է այնպես անել, որ կողմերը «նվազագույն կորուստներ» ունենան:
Դրանից ելնելով էլ չի բացառվում, որ Բուդաղյանին շանտաժ են անում, «համոզելով» մեղադրանք չներկայացնել անձամբ Սուրիկ Խաչատրյանին, հակառակ պարագայում սպառնալով մեղադրել զինված հարձակման եւ թիկնապահին վիրավորելու մեջ:
Արտակ Բուդաղյանին ներկայում «մեղմ» մեղադրանք է ներկայացվել, քան զինված հարձակումը, տեղ թողնելով «բանակցությունների» համար: Եւ հիմա շատ բան կախված է Արտակ Բուդաղյանի որոշումից: Նա կարող է գնալ մինչեւ վերջ, պահանջելով, որ իրական մեղավորները պատասխանատվության ենթարկվեն օրենքի ողջ խստությամբ:
Արտակի փաստաբան հայկ Ալումյանի հայտարարություններից դատելով, նրա պաշտպանյալը բավական վճռական է տրամադրված, եւ ունի նյութեր, որոնք դեռ հրապարակված չեն: Դրանք զուտ իրավական նյութեր են, որոնք կարող են կորցնել ուժը, եթե անցնեն քաղաքական կամ կրիմինալ հարթություն: 

 

Նաիրա Հայրումյան