Irakan.info. Գազի թանկացումն իր հետ սոցիալական բունտ է բերելու: Բողոքի ալիքն առաջին հերթին նկատվում է երթուղայինի և տաքսու վարորդների մոտ:

Մարդիկ բողոքում են' գազը թանկացել է, և այս պայմաններում հնարավոր չէ հին գնով աշխատել: Այս պարագայում այլևս միակ լուծումը սպասարկվող ծառայությունների գնի բարձրացումն է: Մամուլում արդեն խոսակցություններ կան, որ երթուղայինների համար չի բացառվում 50-70, տաքսի ծառայությունների մասով' 300-400 դրամով թանկացում:

Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ վարորդների հետ միասին բողոքում են նաև գծի տերերը. նրանք հայտարարել են, որ կլուծարվեն, գործադուլ կանեն, եթե գազի թանկացման հետ կապված խնդիրը լուծում չստանա: Այստեղ են ասել' «սելը չի ճռում, սելվորն է ճռում»: Գծի տերերն էլ չեն ցանկանում զիջումների գնալ' վարորդներից պահանջելով նախկին «պլանի» չափը' օրական 15.000 դրամ: Հասկանալի է' «գծի տերերն» էլ իրենց նախկին օրական «աշխատավարձն» են ուզում ստանալ, բայց այս պարագայում 14-15 ժամ աշխատելով' վարորդները հազիվ կարողանում են «պլանը» կատարել, տուն տանելու համար էլ մի կոպեկ փող չի մնում:

Իհարկե, սև ամպեր են պտտվում հասարակ ժողովրդի գլխին. մարդիկ ստիպված իրենց գրպանից են վճարելու գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած խնդիրների համար, քանի որ ոչ կառավարությունը, ոչ էլ պետական մեկ այլ տեսչություն չի պատրաստվում զիջումների գնալ. սա է պայմանը' «ուզում եք ուզեք, չէ' մի աշխատեք»:

Ի դեպ' ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հայտարարել է, որ տրանսպորտը թանկանալու է' հօգուտ ժողովրդի: Այս հայտարարությունից հետո հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացավ. ո՞ւմ է գժի տեղ դրել Գագիկ Բեգլարյանը. ի՞նչ է նշանակում՝ թանկացումը լինելու է հօգուտ ժողովրդի: Ինչպե՞ս պետք է թանկացումն օգնի ժողովրդին, եթե հաշվի առնենք այն, որ գազի և էլեկտրաէներգիայի թանկացման հետ միասին շղթայական թանկացումներ են լինելու. մոտ մեկ շաբաթից մարդիկ կզգան թանկացումների իրական գինը, քանի որ սննդից սկսած, շինարարական ապրանքներից վերջացրած՝ ամեն ինչ թանկանալու է:

Իշխանության տրամաբանությամբ եթե նայենք, փաստորեն, դուրս է գալիս, որ որքան թանկացումը բարձր լինի, ժողովուրդն այնքան անհոգ կապրի:

Հ.Գ. Նշենք, որ մի շարք տաքսի ծառայություններ այսօրվանից բարձրացրել են մատուցվող ծառայությունների գինը' մինիմալ ծառայությունը 600-ի փոխարեն դարձնելով 700-ի: Իսկ սա դեռ սկզբնական թանկացումն է…

Մանե Մարգարյան