Lragir.am. Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի վթարը, որի հետեւանքով զոհվել է 18 մարդ եւ մի քանի տասնյակը վիրավորվել, ավելի ու ավելի մեծ հանրային հնչեղություն է ստանում: Հայաստանի հասարակությանը ցնցել էր Հայաստանի քաղաքացի վարորդի տեսքը, որով նրան ռուս իրավապահները հիվանդանոցից տեղափոխել էին դատարան: Վարորդը կանացի խալաթով էր, ինչն ակնհայտորեն ուներ նրան նվաստացնելու միտում:
Միեւնույն ժամանակ, տեղեկություններ կան, որ ռուսաստանյան հասարակությանն էլ ցնցել է աղետը եւ այնտեղ պարզապես ծայրաստիճան զայրացած են տեղի ունեցածով, ինչը բնականաբար արտահայտվում է եկվորների, տվյալ դեպքում հայերի հանդեպ վերաբերմունքի տեսքով: Չի բացառվում, որ տեղի ունեցածը նաեւ կարող է քրեական կամ այսպես կոչված ազգայնական շրջանակների ակտիվություն առաջացնի, եւ լինեն հարձակումներ հայաստանցիների դեմ:
Այն, որ աղետն իսկապես ահարկու է, չի կարող վիճարկել որեւէ բանական մարդ: Եվ այն, որ աղետի մեղավորը պետք է ստանա իր արժանի պատիժը, որեւէ կասկած չկա: Սակայն, միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ չնայած զայրույթին ու վրդովմունքին, ռուսաստանյան հասարակության մեջ հայերի հանդեպ հակատրամադրվածությունը մեղմ ասած խիստ սուբյեկտիվ է: Իհարկե, միգուցե հայաստանցիներն իրենք էլ նույն կերպ վարվեին, եթե Հայաստանում ռուս վարորդը նման աղետի պատճառ դառնար: Սակայն, տվյալ պարագայում էլ «էթնիկ» հողի վրա ձեւավորվող վերաբերմունքը կլիներ սուբյեկտիվ:
Իսկ այն, որ տվյալ պարագայում վերաբերմունքը սուբյեկտիվ է, վկայում է հենց տեղի ունեցածին զուգահեռ մեկ այլ դժբախտ պատահար Կրասնոյարսկում, որին զոհ է գնացել 5 մարդ: Մարդատար մեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել մեքենան, հարվածել է կանգառին եւ սպանել չորս մարդու՝ երկու կին եւ երկու երեխա: Մի մարդ էլ զոհվել է մեքենայի մեջ: Իսկ վարորդը փախել է դեպքի վայրից: Իսկ այդ վթարի վարորդը հայ չի եղել, եկվոր չի եղել: Պատահական չէ, որ ռուսական լրատվականներում նրա ազգային պատկանելության մասին չի ասվում ոչինչ:
Իհարկե, 18 զոհն ու 5 զոհը անհամեմատելի են, բայց զուտ թվաբանական առումով, որովհետեւ ողբերգությունը ողբերգություն է, հանցանքը՝ հանցանք: Եթե կանգառում շատ մարդ լիներ, Կրասնոյարսկում էլ զոհերը կարող էին ավելի շատ լինել: Հետեւաբար, ռուսաստանյան հասարակության համար բացարձակ սուբյեկտիվ եւ մեղմ ասած անարդարացի կլիներ դժբախտ պատահարը վերածել «ազգամիջյան» ատելության, եթե իհարկե Ռուսաստանում որեւէ մեկին դա պետք չէ:
Հակոբ Բադալյան